Այսօրվանից Գերմանիայում ուժի մեջ են մտնում երկրի պատմության մեջ ամենախիստ կարանտինային սահմանափակումները
Գերմանիայում դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտնում կարանտինային նոր միջոցառումներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այդ միջոցառումները միտված են կորոնավիրուսի տարածման տեմպը նվազեցնելուն:
Սահմանափակումները կգործեն մինչև հունվարի 10-ը, սակայն կարող են երկարաձգվել, եթե երկրում տեղի չունենա համաճարակային իրավիճակի զգալի բարելավում:
Հիշեցնենք՝ խիստ «լոքդաունի» մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 13-ին՝ դաշնային հողերի վարչապետերի հետ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ընթացքում։
Ըսդ այդմ՝ որոշվել է մինչև հունվարի 10-ը փակել առևտրի կետերը, բացի մթերային, տնտեսական և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ վաճառող խանութներից։ Փակ կլինեն նաև գեղեցկության, մերսման սրահները և նմանատիպ այլ հաստատություններ։ Բարերն ու ռեստորանները կշարունակեն փակ մնալ, իսկ բանկերը, դեղատները, թերթի կրպակները և փոստային բաժանմունքները կշարունակեն աշխատել։
Ինչ վերաբերում է դպրոցներին ու մանկապարտեզներին, ապա դրանք ևս փակ են դեկտեմբերի 16-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Գերմանիան դեկտեմբերի 16-ից սահմանվում է ամենախիստ «լոքդաունը» երկրի ողջ պատմության ընթացքում, քանի որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ է:










