«Էթիկայի պակաս». Լավրովը մեկնաբանել է Նավալնիի կրկնակի կամ եռակի «թունավորման» մասին լրատվամիջոցների «սենսացիոն» հաղորդագրությունները
Արևմտյան լրատվամիջոցներում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կրկնակի կամ եռակի թունավորման մասին «սենսացիան» խոսում է գործընկերների մոտ էթիկայի պակասի, փաստեր հաստատելու ցանկության բացակայության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Զվարճալի է կարդալ բոլոր այս լուրերը, դրանց ներկայացման եղանակը միայն մեկ բանի մասին է խոսում. մեր արևմտյան գործընկերները չունեն որևէ էթիկական նորմեր, նրանք զուրկ են բնականոն տեխնոլոգիական աշխատանքի հմտություններից և միջազգային իրավական նորմերին համապատասխանելու ցանկությունից, երբ խոսքը վերաբերում է փաստերը հաստատելուն», - ասել է Լավրովը Զագրեբում Խորվաթիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքերով, Մոսկվան արդեն սովորել է նրան, որ ԱՄՆ-ն և այլ արևմտյան երկրներ պարզապես լրատվամիջոցներով հայտարարում են Ռուսաստանի դեմ հերթական մեղադրանքների մասին. լինեն դա հաքերներ, թե ինչ-որ սենսացիա Նավալնիի կրկնակի, նույնիսկ եռակի թունավորման մասին:
«Տրամաբանությունը հետևյալն է. եթե մենք հայտարարում ենք, օրինակ, նոր փաստեր, որոնք հայտնաբերել են գերմանական հատուկ ծառայությունները Նավալնիի թունավորման մասին, իսկ Մոսկվան երկու օր է լռում է, ուրեմն մեղավոր է: Այս մոտեցման թերությունը, իմ կարծիքով, ակնհայտ է ցանկացած առողջ մարդու համար»,-նշել է նախարարը:
Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:










