«Այս խրտվիլակն այսօր ավելի մեծ առաքելություն է իրականացնում, քան վարչապետ կոչեցյալը». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նրա կերպարանքով խրտվիլակ դրեցին Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

12:59 • 16.12.20

Նիկո՛լ, դու հիմա Ադրբեջանի ազգային հերոս ես, հեռացի՛ր, դավաճան: Այս մասին կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեցին քաղաքացիները:

Նրանք Նիկոլ Փաշինյանի կերպարանքով խրտվիլակ դրեցին կառավարության շենքի դիմաց, այնուհետ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը հայտարարեց, թե այդ խրտվիլակն այսօր ավելի մեծ առաքելություն է իրականացնում, քան վարչապետ կոչեցյալը:

«Այս շենքում նստած, վարչապետի աթոռին սոսնձվածի վրա մի ամբողջ երկրի, մի ամբողջ ազգի պատասխանատվություն է: Այս խրտվիլակի վրա պատասխանատվություն չկա, բայց շենքում նստած խրտվիլակն ամեն օր, ամեն ժամ խնդիրներ է ստեղծում մեր երկրի համար, ամեն օր, ամեն ժամ նոր տարածքներ է հանձնում թշնամուն՝ առանց կռվի: Փոխանակ բոլոր գերիները պատերազմից 1 ամիս անց վերադարձված լինեին Հայաստան, մենք տեսնում ենք նորանոր գերիներ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ կառավարության շենքի մոտ բերված խրտվիլակը մեծ առավելութուն ունի, որովհետև նրա հետ հույսեր չեն կապել, բայց ժողովրդի մի զգալի զանգված կառավարությունում նստածի հետ հույսեր է կապել, ու հիմա նա դավաճանել է ժողովրդին: «Նիկոլ, մենք քեզ հետ այլևս հույսեր չունենք, դու այլևս չես ներկայացնում ժողովրդին, դու պետք է հեռանաս»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց՝ ամեն օր Ադրբեջանի նախագահը ստորացնում է ՀՀ վարչապետին, սակայն վերջինս չի համարձակվում որևէ կերպ պատասխանել այդ անարգանքին. «Նիկոլ, Ալիևին մի բան ասա, որովհետև ամեն օր, երբ Ալիևը քեզ ստորացնում է, մենք՝ որպես հայ, մեզ վատ ենք զգում: Քո ժամերը հաշված են, Նիկոլ, դու այլևս մեր վարչապետը չես»,-ասաց նա: