Խնդիր է, երբ ներգրավում ես պետական նոր պարտք, բայց միևնույն ժամանակ չես հրաժարվում պարգևավճարներից. փորձագետ (տեսանյութ)
Մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, կատարողականի, բյուջետային միջոցների հավաքագրման խնդիր, միաժամանակ կորոնավիրուսի ու պատերազմի ճգնաժամերով պայմանավորված բյուջետային պարտավորությունների մեծացման հարց, որոնց համար պետք են լրացուցիչ միջոցներ. Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Նա նշել է՝ անհրաժեշտ միջոցների ներգրավումն արտաքին պարտքի միջոցով բնականոն գործընթաց է, հատկապես՝ ճգնաժամի իրավիճակում: «Պրոցեսի տեսանկյունից խնդիր փնտրելն օբյեկտիվ չէ, խնդիրը պետական պարտքի չափի մեջ է: Այն ձգտում է 9 մլրդ դոլարի, որը հատում է ՀՆԱ –ի 60 %-ի թույլատրելիի շեմը»: Պետական պարտքի ներգրավումը օբյեկտիվ է այնքան ժամանակ, քանի դեռ չի անցնում թույլատրելիի շեմը. մեզ մոտ այն անցել է: Մյուս կողմից խնդիր է, երբ ունես կատարողականի հետ կապված հարցեր, ներգրավում ես պետական նոր պարտք, բայց միևնույն ժամանակ չես հրաժարվում պարգևավճարներից:
Այս պրոցեսում նկատվող երկրորդ խնդիրն, ըստ Ամիրխանյանի, կապված է կառավարչական որոշումների արդյունավերության և պետական մարմինների միջև փոխկապակցված աշխատանքի բացակայության հետ:
«ԿԲ-ը վերջերս հանդես եկավ ասուլիսով՝ ներկայացնելով, որ իր գործառույթները գնաճի նպատակային սահմանի քաղաքականության իրականացումն է, ոչ թե փոխարժեքի նկատմամբ ուղղակի գործողությունների իրականացումը: ԿԲ-ն նաև բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը բիզնեսի նկատմամբ որոշակի ճնշումների արդյունքում, մոտ ապագայում կարծում եմ, կհանգեցնի գների որոշ թուլացման»: Փորձագետը, սակայն կարծում է, որ նախ ոչ սովորական պայմաններում ԿԲ պետք է գործի համապատասխանաբար, մյուս կողմից ըստ նրա, կարևոր է, որ սպառողական գների վերջին օրերի կտրուկ աճը պայմանավորված է հենց դրամի արժեզրկմամբ: Լիլիա Ամիրխանյանն ասել է, որ այս ճգնաժամը համեմատելի չէ ոչ նախկին ճգնաժամերի, ոչ էլ զուտ տնտեսական ճգնաժամի հետ. «Այսօր մենք ունենք նաև բարոյական մեծ ճգնաժամ, ինչը ստեղծում է բացասական սպասումներ»,-ասել է նա:
Տնտեսագետը նշել է, որ մենք այսօր ունենք ֆինանսական շուկայի որոշակի խնդիրներ: Ըստ նրա, դրանք այս պահին շատ լուրջ ու ծայրահեղ գնահատականների պետք չէ արժանացնել, քանի որ ֆինանսական շուկայի բանկային հատվածն իսկապես կայացած համակարգ է. «Մտահոգություն ունենք Արցախի հետ համագործակցության հետ կապված, ինչի արդյունքում բանկերը գուցե ունենան միջոցների վերադարձելիության հարց»:
Մանրամասները՝ տեսանյութում:










