Հռոմի պապը կոչ է արել սպառազինության համար օգտագործվող միջոցները ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին և աղքատ երկրներին պատվաստանյութերի հասանելիություն ապահովել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել սպառազինության համար օգտագործվող միջոցներն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստանյութերի հասանելիություն ապահովել աղքատ և առավել խոցելի երկրներին, գրում է Reuters-ը։
Հռոմի պապի ամենամյա ուղերձը, որն այս տարի վերնագրված է «Հոգատարության մշակույթը որպես խաղաղության ճանապարհ», ավանդաբար ուղղվում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և այլ կրոնների ղեկավարներին:
«Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինության, հատկապես միջուկային զենքի վրա, որոնք կարելի էր օգտագործել ավելի կարևոր առաջնահերթությունների համար, ինչպիսիք են՝ մարդկանց անվտանգության ապահովումը, խաղաղությանն աջակցելը, մարդկային ներուժի համակողմանի զարգացումը, աղքատության դեմ պայքարը և առողջապահության ապահովումը»,- ասել է նա։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ COVID-19-ի համավարակը և կլիմայի փոփոխությունը մարդկանց առջև ծառացած խնդիրներն ավելի ակնհայտ դարձրին։
«Համարձակ որոշում կլիներ զենքի և ռազմական այլ ծախսերի գումարներով ստեղծել «Գլոբալ հիմնադրամ», որն ընդմիշտ կվերացներ սովը և իր ներդրումը կունենար ամենաաղքատ երկրների զարգացման գործում», - ասել է նա:
Հռոմի պապը, որը բազմիցս դատապարտել է այսպես կոչված «պատվաստանյութերի ազգայնականականացումը»՝ հայտարարել է, որ աղքատ երկրները չպետք է հետ մնան կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Համարվարակի օրերին մենք հասկացանք, որ գտնվում ենք միևնույն նավակում»,- ընդգծել է նա։










