Բացարձակ հիմարություն է, որն ադրբեջանական քարոզչամեքենանն դիտավորյալ տարածում է մեր հանրության շրջանում․ Վահրամ Պողոսյանը՝ Ստեփանակերտ 12024 ադրբեջանցու վերադարձի մասին

17:42 • 17.12.20

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է 12024 ադրբեջանցիների՝ Ստեփանակերտում տեղափոխվելու մասին տեղեկությունը։

«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:

Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,-գրել է նա:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ, անդրադառնալով թեմային, PanARMENIAN.Net –ին ասել է․ «Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող»։

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: Լրատվամիջոցը Գևորգյանից ճշտել է՝ է նախ լուրի հավաստիությունը, ապա՝ վերադարձողների մոտավոր թվի մասին տեղեկությունը։

«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»,- ասել է նա։

Ճշտող ու հայկական կողմից մեկնաբանությունը վերջնական հստակեցնող հարցը, թե այնուամենայնիվ այդ հայտարարության մեջ փախստականների վերադարձի նախապայման կա, սակայն թվաքանակի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան ասել չի կարող, Գևորգյանը նախ ընդհատեց՝ հարցնելով՝ ընթերցե՞լ ենք արդյոք հայտարարությունը, դրական պատասխանից հետո հորդորեց վերընթերցել՝ պնդելով, թե այդ դեպքում մեզ մոտ նման հարց չի ծագի։