Եգիպտոսում ավտոբուսի և միկրոավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Եգիպտոսի կենտրոնական հատվածում գտնվող Սուհագ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացել, 11-ը տուժել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Akhbar el-Yom հարթակի հաղորդմամբ՝ բախվել են ավտոբուսն ու միկրոավտոբուսը: Նշվում է, որ ուղևորատար ավտոբուսը, որը դուրս էր եկել Քենա քաղաքից ու շարժվում էր դեպի մայրաքաղաք Կահիրե, և միկրոավտոբուսը, որը ճանապարհ էր դուրս եկել Մերսա Մատրուհ քաղաքից դեպի ալ Բալաբիշ, բախվել են ալ Քոշեհ գյուղի մոտակայքում:
Երկրի իշխանություններն արդեն իսկ սկսել են պատահարի հետաքննությունը:
Եգիպտոսն ունի տխրահռչակ ճանապարհային ենթակառուցվածքներ: Համաձայն երկրի կենտրոնական վիճակագրական բյուրոյի հաշվարկների՝ 2019-ին գրանցված ՃՏՊ-ների 80 տոկոսի պատճառ է դարձել մարդկային գործոնը, իսկ վթարների հետևանքով զոհվել է մոտ 3500 մարդ:










