Իրանը զենքի արտահանման պայմանագրեր է ստորագրել մի շարք երկրների հետ. պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտնել է տեղական արտադրության զենքի արտահանման ծրագրի մասին:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի պաշտոնյան հայտնել է, որ մի շարք օտարերկրա պետությունների հետ զենքի արտահանման մասին նոր պայմանագրեր են կնքվել: Բացի այդ, նրա խոսքով՝ մի քանի այլ երկրների հետ բանակցություններ են ընթանում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մի շարք երկրների հետ սպառազինման ոլորտում համագործակցության շուրջ բանակցություններ է վարել ինչպես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն փորձում էր զենքի արտահանման պատժամիջոցներ սահմանել մեր դեմ, այնպես էլ էմբարգոյի ավարտից հետո»,- ասել է Հաթամին:
Վերջինս նկատի է ունեցել ՄԱԿ-ի զենքի էմբարգոն, որն ավարտվել է հոկտեմբերին:










