Մեր իրավապահ մարմինները չպետք է լինեին քաղաքական ուժի ներկայացուցիչներ, բայց, ցավոք, այդպես է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Այսօր Սյունիքում ինչ-որ տարածքներ ենք կորցնում, ճանապարհ ենք կորցնում, դա նաև այն բանի հետևանքն է, որ մեր իրավապահ մարմինները իրենց աշխատանքը պատշաճ չեն կատարում: Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց իրավապաշտպանների և իրավաբանների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ, որպեսզի ստանան իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները:
«Մեր իրավապահ մարմինները չպետք է լինեին քաղաքական ուժի ներկայացուցիչներ, բայց, ցավոք, այդպես է»,-ասաց նա:
Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիոն ակտի մասին խոսելով՝ Մելիքյանը նշեց՝ պետք է հիշենք դրա ցավոտ հետևանքները: «Ցասումն այնտեղից առաջացավ, երբ 40 օր ասում էին՝ հաղթելու ենք, բայց վերջում մարդը կանգնում, ասում է՝ ոչ, մենք պատվել ենք, ջաղջախվել ենք, մեզնից բան չի մնացել, Արցախը զիջում ենք, մնացածն էլ հետը»:
Ըստ Մելիքյանի՝ պատերազմի ընթացքում ամեն ինչ սխալ է եղել, նույնիսկ այն, որ կոչ էին անում գնալ և կռվել:
Նշենք, որ իրավապաշտպանների հետ հանդիպման դուրս եկավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ասելով, որ Դավթյանը տեղում չէ և չի կարող իրավապաշտպաններին ընդունել:
«Դուք, երևի, ինձնից լավ գիտեք, որ ձեր հարցերը կարող են առնչվել հանգամանքների, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում: Ամեն դեպքում, հիմա դուք որևէ կաշկանդվածություն և սահմանափակումներ չունեք, ձեր հարցերը, որոնք կուտակվել են և ուզում եք ներկայացնել զինվորական դատախազին, կարող եք ներկայացնել, նա պատրաստ է ձեզ ընդունել, սպառիչ, լիարժեք պատասխան տալ»,-ասաց Աբրահամյանը:
Մելիքյանը պատասխանեց, որ իրավիճակն հիմա այլ է և մենք գործ ունենք մի իրականության հետ, որի արդյունքում կորցրինք մեր հայրենիքի հսկայական մասը, և անհամեմատելի հանրային պահանջ կա, որպեսզի հրապարակային հանդիպում լինի:










