Զբոսաշրջային ոլորտը 2020 թվականին 935 մլրդ դոլարի վնաս է կրել. ՄԱԿ-ը ներկայացրել է համավարակի պատճառով ոլորտի կրած կորուստները  

23:12 • 17.12.20

Ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուղևորությունների թվի կրճատման պատճառով զբոսաշրջային ոլորտը 2020 թվականի առաջին 10 ամսում 935 մլրդ դոլարի վնաս է կրել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO):

«Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջային ուղղությունները 900 մլն-ով ավելի քիչ զբոսաշրջիկ են ընդունել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա հանգեցնում է 935 մլրդ դոլարի կորստի միջազգային զբոսաշրջության ասպարեզում»,- ասվում է միջազգային կառույցի հաղորդագրության մեջ:

Ըստ UNWTO-ի տվյալների՝ զբոսաշրջությունը վերադառնում է 1990 թվականի մակարդակին:

Կազմակերպությունից մատնանշել են, որ միջազգային ուղևորությունների թիվը տարվա տվյալներով, ինչպես ակնկալվում է, կկրճատվի 70-75 տոկոսով: «Այդ դեպքում համաշխարհային զբոսաշրջությունը կվերադառնա 30-ամյա հնության մակարդակին, որը կհանգեցնի 1,1 տրիլիոն դոլարի կորստի», - հավելել են UNWTO:

2019 թվականին այլ երկրներ մեկնող զբոսաշրջիկների թիվը հասել էր 1,5 մլրդ-ի շեմին: Այդ ցուցանիշը 4 տոկոսով ավելին է 2018 թվականի տվյալի համեմատ: