«Նույնիսկ Ստեփանակերտն անվտանգ չէ. 4 կողմում թշնամին է, թուրքի հետ ապրե՞լ կլինի». արցախցի
Նվարդ Ալթունյանը Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղից է, որը վերջին օրերին հայտնվել էր շրջափակման մեջ: Տիկին Նվարդն ասում է՝ իրենց գյուղը միշտ ապահով է եղել՝ նույնիսկ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
Գյուղից դուրս են եկել միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ այս անգամ այնտեղ մնալն իսկապես վտանգավոր է: Դուրս են եկել՝ առանց իրերի:
«Ես ու ամուսինս մեկական տաբատ ենք վերցրել մեզ հետ ու եկել: Մեր անասուններին էլ թողել ենք դրսում, եկել: Նույնիսկ նկարները չենք հասցրել վերցնել մեզ հետ, գոնե հուշ մնային», -պատմում է նա:
Տիկին Նվարդն ասում է՝ Արցախում ապրելն արդեն վտանգավոր է: 4 կողմում թշնամին է:
«Առաջվա նման չես կարող դուրս գալ, չես կարող երեխայիդ ձեռքը բռնել, դուրս գալ փողոց՝ զբոսնելու: 4 կողմում թշնամին է: Թուրքի հետ ապրե՞լ կլինի» , - ասում է տիկին Նվարդը:
Բայց նույնիսկ այս գիտակցմամբ էլ պնդում են՝ միևնույն է, իրենց հողն ու ջուրն իրենց համար անփոխարինելի են: Վտանգի գիտակցմամբ Արցախ վերադառնալ է պատրաստվում նաև Տաթևը՝ 4 երեխաների հետ: Տաթևն իրենց գյուղն ու տունն ամեն անգամ հիշելիս հուզվում է: Գիտակցումը, որ այլևս ոչինչ չունեն, հանգիստ չի տալիս:
«Ոչ մի բան չունենք: Որ հիշում եմ այդ սարերը, այդ օդը, այդ լեռներն ու անտառները, այդ եկեղեցիները, այդքան կորուստները: Այս ամենն, ուրեմն, իզո՞ւր էր» - ասում է Տաթև Ամիրջանյանը:
Տաթևն ու ամուսինն այս պատերազմում կորցրել են իրենց եղբայրներին: Ամուսնու եղբոր մարմինը մինչև հիմա չեն գտել: Ամուսնու մայրը՝ Վարդուշ տատն ասում է՝ գոնե տղայի մարմինը կարողանային հողին հանձնել:
Այս մարդկանց ճակատագիրը դեռևս անհայտ է: Առայժմ ապրում են Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միության շենքում:
«Մենք հոսթել էինք պատրաստել այստեղ, և երբ պատերազմը սկսվեց, որոշեցինք այն ամբողջությամբ տրամադրել արցախցիներին: Նրանք այստեղ կմնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասում է միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Նա նշում է՝ ամեն ինչ անում են սեփական միջոցներով ու ընկերների օգնությամբ:
«Ամեն ինչ ինքներս ենք անում: Մի անգամ դիմել ենք պետությանը, բայց մերժել են՝ գումար չլինելու պատճառաբանությամբ», - ասում է Հակոբ Աբրահամյանը:
Այս պահին այստեղ բնակվում է 4 ընտանիք: Բոլորը՝ Հադրութից:
Մանրամասները՝ տեսանյութում:










