ՌԴ ԱԳՆ-ն Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանատանն է փոխանցել Լավրովին որպես նվեր մատուցված և սկանդալի առիթ դարձած 300-ամյա սրբապատկերը
Ռուսական կողմը Մոսկվայում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանատանն է հանձնել 18-րդ դարի սրբապատկեր, որը նվիրել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Գերատեսչությունից այս առնչությամբ մանրամասնել են, որ սրբապատկերը դեկտեմբերի 23-ին փոխանցվել է Բոսնիա և Հերցեգովինայի դիվանագիտական առաքելությանը:
«Միևնույն ժամանակ, գործընկերներին առաջարկվել է օգտագործել առկա իրավական մեխանիզմները` պարզելու համար այս գործի բոլոր հանգամանքները, ներառյալ նշված արտեֆակտի ծագումը»,- նշվում է հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ օրերս Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը Լավրովին 300-ամյա ուղղափառ սրբապատկեր էր նվիրել: Դրանից հետո Ուկրաինայի դեսպանատունը նոտա է հղել Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարությունը՝ պահանջելով այդ սրբապատկերը վերադարձնել Ուկրաինային:
Նշենք՝ Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը գործ է հարուցել և նախաձեռնել է արտեֆակտի ծագման ստուգումը:










