Լոնդոնի դատարանի մոտ, որտեղ ընթանում են Ասանժի գործով լսումները, ոստիկանությունը ձերբակալել է նրա աջակիցներից մի քանիսին (լուսանկար)
Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանի մոտ, որտեղ ընթանում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով լսումները, բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը:
Նշվում է, որ ոստիկանությունը, պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Լոնդոնում սահմանված կարանտինն ու հավաքների արգելքը, սկսել է Ասանժի կողմնակիցների ձերբակալությունը։
Գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում կան մի քանի կանայք և տարեց տղամարդ։
Նշվում է, որ դատարանի շենքի երկնքում կարգուկանոն ապահովելու համար ուղղաթիռ է պտտվում։
Ավելի վաղ հաղորվել էր, որ Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին․ նա բանտում կմնա մինչև արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը։
Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նախկինում Ասանժն արդեն խախտել է գրավի դիմաց դուրս գալու պայմանները։ Նույն հիմքով դատավորները մերժել են նրա փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները։
Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:
2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:











