Թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է, հայկականը` չի իրականացվում, քանի որ պարտության սիմվոլը շարունակում է գնալ խոսել. Էդմոն Մարուքյան

13:48 • 12.01.21

Թշնամու օրակարգը շարունակում է գերակշռել հայկական օրակարգին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` մոսկովյան այցին:

Նա նկատեց, որ նախքան մեկնելը մեզ ասվել է, որ Հայաստանի օրակարգից բխող թիվ մեկ հարցը ռազմագերիների հարցն է, և մոսկովյան այցի նպատակը այս է, սակայն փաստաթուղթ է ստորագրվում, որտեղ այդ մասին խոսք չկա: «Հայկական օրակարգը տապալվել է Մոսկվայում, հայկական օրակարգով հարց չի քննարկվել: Թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր, հայկական օրակարգը չի իրականացվում, քանի որ պարտության սիմվոլը շարունակում է գնալ խոսել»,-ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյաննը պետք է հրաժարվեր հայտարարության տակ ստորագրելուց:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դիակների փոխանակման խնդիրներ ունենք, բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեին և լուծում ստանային: «21-րդ դարում Ժնևյան կոնվենցիաները վավերացրած Ադրբեջանը կոնկրետ միջազգային հանցագործություն է կատարում՝ ռազմագերիներին չվերադարձնելով»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի`եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն նոր մարդ գնար բանակցությունների, կաշկանդված չէր լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակական պրոցեսով: «Իրար ինչ ասես ասած լիդերները չեն կարողանալու գալ ընդհանուր լուծման, օրինակ` ռազմագերիների հարցում, բայց ճնշման տակ ստորագրում են փաստաթուղթ ու հրճվում, թե գնացքները սենց կգնան, հետո նենց կգնան»,-հավելեց նա: