ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհի մասնակիցն ինքնասպանություն է գործել
ԱՄՆ-ում մահացած են գտել Կապիտոլիումի գրոհի մասնակից Քրիստոֆեր Սթանտոն Ջորջիային, հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ 53-ամյա Ջորջիայի մարմինը գտել է նրա կինը՝ Ալֆարետա քաղաքի իրենց տան նկուղում, որից անմիջապես հետո զանգահարել է ոստիկանություն։
Բժշկական փորձագետները կատարվածը որակել են ինքնասպանությունը։ Տղամարդու կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածք է հայտնաբերվել։
Ինչպես նշում է պարբերականը, տղամարդու հարևանները նրա մասին մեծ հիացմունքով են խոսել՝ հայտնելով, որ վերջինս «բարի և քաղաքավարի» մարդ էր։
Ավելի վաղ Կապիտոլիումի գրոհի մասնակցի դեմ մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում էր 1000 դոլարի չափով տուգանք և/կամ մինչև 180-օրյա բանտարկություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնասպանություն է գործել Կոնգրեսի շենքում անկարգությունների զսպման գործողություններին մասնակցած ոստիկանության սպա Հովարդ Լիբենգուդը։
51-ամյա Լիբենգուդը, որը Կոնգրեսը հսկող իրավապահ մարմինների 15 տարվա աշխատակից էր, ինքնասպանություն էր գործել Կապիտոլիումում տեղի ունեցած դեպքից 3 օր անց։
Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել էր, որ Լիբենգուդը եղել է այն սպաների թվում, որոնք «անցյալ շաբաթ արձագանքել են ԱՄՆ-ի Կապիտոլիումի անկարգություններին»։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










