Գերմանիայում ոստիկանությանը չի հաջողվել կոտրել ավելի քան 50 մլն եվրո արժողությամբ բիթքոին պարունակող դրամապանակի գաղտնաբառը

11:09 • 06.02.21

Գերմանիայում ոստիկանությանը չի հաջողվել կոտրել խարդախության համար դատապարտված տղամարդուց առգրավված և ավելի քան 50 միլիոն եվրո է պարունակող էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը: Այս մասին ասել է Քեմփթեն քաղաքի դատախազ Սեբաստիան Մուրերը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Նշվում է՝ դրամապանակում ավելի քան 1.7 հազար բիթքոին կա, որը ներկայիս փոխարժեքով գնահատվում է ավելի քան 50 միլիոն եվրո (60.3 միլիոն ԱՄՆ դոլար): 

Իրավապահները տղամարդուն առաջարկել են հայտնել գաղտնաբառը, բայց նա լռել է: Զուգահեռաբար, ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է կոտրել տղամարդու էլեկտրոնային դրամապանակի գատնաբառը, բայց բոլոր փորձերն ապարդյուն են անցել: 

Հիշեցնենք՝ հոկտեմբեր ամսվա կեսերից բիթքոինի արժեքը սկսել է մեծանալ: Այն ժամանակ մեկ բիթքոինի փոխարժեքը տատանվում էր 10 000 ԱՄՆ դոլարի սահմաններում, բայց հունվարի սկզբից այն գերազանցել է 40 000 ԱՄՆ դոլարի սահմանը: