«Դա իրոք կախված է Իրանից». Սպիտակ տունը միջուկային գործարքի ճակատագրի պատասխանատվությունը դրել է Թեհրանի վրա
Իրանի միջուկային ծրագրի վերավերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) Միացյալ Նահանգների վերադարձի ժամկետը կախված է նրանից, թե երբ Իրանը կվերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ընթացքում, որի տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
«Դա իրոք կախված է Իրանից: Եթե Իրանը լիովին կատարի համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, ԱՄՆ-ն ևս կանի նույնը, և այդ քայլը կօգտագործի որպես հարթակ՝ ավելի երկարաժամկետ համաձայնության հասնելու համար, որը կանդրադառնա նաև այլ մտահոգիչ ոլորտների վրա», - ասել է Փսակին:
Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Իրանը վավերացրել էր «Պատժամիջոցները հանելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողության» մասին օրենքը, որով նախատեսվում է՝ Ֆորդոյի միջուկային համալիրում ուրանի մինչև 20 տոկոս հարստացում:
Օրենքը ներառում է 9 հոդված, որոնք կառավարությունից պահանջում են ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի, ավելացնել հարստացված ուրանի պաշարները և օգտագործել նոր սերնդի «ԻՐ2Մ» և «ԻՐ6» ցենտրիֆուգներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ օրենքն ուղղված է պատժամիջոցների չեղարկմանը ԵՄ կողմերի մեղադրանքներից հետո այն մասին, որ միջուկային գործարքի պարտավորությունները Իրանը չի կատարում և իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ:
Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015 թվականին կնքված համաձայնագիր է մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։ 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այդ համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019 թվականին հայտարարել էր համաձայնագրի երկու կետերը կատարելուց հրաժարվելու մասին։










