Տեխաս նահանգում բեռնատարում մահացած միգրանտների թիվը հասել է 51-ի, ևս 13-ի վիճակը ծանր է
ԱՄՆ Տեխաս նահանգում բեռնատարում շնչահեղձության հետևանքով մահացած միգրանտների թիվը հասել է 51-ի, ևս 13 մարդ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցներում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Milenio TV-ի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեխասում Մեքսիկայի հյուպատոս Ռուբեն Մինուտին։
«Ընդհանուր առմամբ, տարբեր բժշկական հաստատություններում հոսպիտալացվել է 13 մարդ։ Հիմնականում տուժածների վիճակը ծանր է՝ նյարդաբանական, երիկամային, լյարդի անբավարարությամբ և ներքին արյունահոսությամբ։ Զոհերի թիվը այս պահին 51 է»,– մանրամասնել է Մինուտին։
Հիշեցնենք, որ միգրանտների դիերով բեռնատարը հայտնաբերվել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում՝ դեպի մայրուղի տանող փոքրիկ փողոցում։ Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհի մասին։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարի խցիկում չի եղել ջուր ու օդորակիչ։
Այս ողբերգության զոհերի թվում առնվազն 27 մեքսիկացի կա։ Մեքսիկայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության գլխավոր դատախազությունը մասնակցելու է հետաքննությանը։










