Բայդենը Թրամփի համախոհներին ամերիկյան ժողովրդավարությանը սպառնալիք է որակել

09:58 • 02.09.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է իր ժողովրդավարության դեմ սպառնալիքի առջև, ինչի պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հանրապետական կուսակցությունում ունեցած համախոհներն են։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ելույթին, որի մի հատվածը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։

«MAGA-ի (Make America Great Again, «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան»․ Թրամփի և նրա համակիրների հիմնական կարգախոսներից մեկը - խմբ․) ուժերը հավատարիմ են մեր երկիրը կրկին այն Ամերիկային վերադարձնելուն, որտեղ չկա ընտրության իրավունք, չկա տեղ գաղտնիությանը, չկա տեղ հակաբեղմնավորիչներին ու սիրելի մարդու հետ ամուսնանալու իրավունքին», - հայտարարել է Բայդենը։

Նրա կարծիքով՝ տվյալ պայմաններում հարկավոր է պաշտպանել ամերիկյան ժողովրդավարությունն այն սպառնալիքներից, որոնց բախվում է ազգը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարությունը բնավ երաշխավորված չէ, թեև ամերիկացիները տարիներ շարունակ համոզում են իրենց դրանում։