Buissup Global Forum 2021-ի հաղթող MEDU.am նախագիծը ներկայացրել է իր պաշտոնական հարթակը

12:12 • 07.09.22


Սեպտեմբերի 3-ին Հայ գործարարների ասոցիացիայի առակցությամբ կայացել է MEDU.am բժշկական կրթական առցանց հարթակի պաշտոնական շնորհանդեսը: Այն Ասոցիացիայի կողմից անցկացվող Buissup Global Forum 2021-ի հաղթող նախագծերից մեկն էր, ինչի արդյունքում նախագիծը հնարավորություն էր ստացել խոշոր ներդրումների մասին հուշագիր կնքել «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։ 

Իր ողջույնի խոսքում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն ընդգծել է բժշկական նախագծին աջակցելու կարևորությունը՝ հավելելով, որ այն հնարավորություն է տալիս բուժաշխատողներին ավելացնելու կրթական գիտելիքները՝ առանց համակարգչից հեռանալու: 

«Հայ գործարարների ասոցիացիայի անունից շնորհավորում եմ մեր երիտասարդ գործընկերներին, որոնք ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021-ի սեպտեմբերին հաջողությամբ ներկայացրին և ավարտին հասցրեցին իրենց նախագիծը Buissup Global Forum-ի շրջանակում, ինչի հետևանքով էլ կարողացան կարճ ժամանակում, ահռելի աշխատանք տանելով, այսօր ներկայացնել MEDU.am կայքը: Շատ ուրախ ենք աջակցելու մեր երկրում բժշկական ոլորտի զարգացմանը, և լիահույս, որ նախագիծն էլ ավելի մեծ բարձունքների կհասնի ու նոր հաջողություններ կգրանցի: Իր հերթին Հայ գործարարների ասոցիացին կշարունակի աջակցել MEDU.am-ին»,- նշել է Ղումաշյանը: 

MEDU.am-ը մասնագիտական զարգացման հարթակ է, որի առաքելությունն է բուժաշխատողների համար մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները`այն բուժաշխատողներին հնարավորություն է տալիս ձեռքի տակ միայն համակարգիչ ունենալով առցանց կրթվել և արդյունքում ՇՄԶ կրեդիտներ ստանալ։ 

Իր հերթին, MEDU.am-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, բժիշկ Գևորգ Գրիգորյանը պատմել է մի քանի ամսվա ընթացքում նախագծի գրանցած առաջընթացի մանրամասները՝ ընդգծելով, որ կայքն արդեն իսկ 3000-ից ավելի ՇՄԶ կրեդիտ է շնոհրել: 

«MEDU.am-ում այս ամիսներին գրանցվել է մոտ 1200 բուժաշխատող, 100-ից ավելի MEDU.am ակումբային քարտ ենք տրամադրել, ունեցել ենք կրեդիտավորված ինքնակրթության 36 դասախոսություն: Մեզ մոտ առկա է ավագ բուժաշխատողների համար 136 ՇՄԶ կրեդիտ, իսկ միջին՝ 102 կրեդիտ շնորհող տեսական առցանց դասընթաց: Արդյունքում ունենք 2877 ժամ դիտված ՇՄԶ կրեդիտավորված դասախոսություն, 9100 ժամ դիտված դասախոսություն և 289,150 այցելություն, որը ժամ առ ժամ ավելանում է»,- նշել է Գրիգորյանը: 

Հարթակն իր շուրջ է հավաքել ոլորտի առաջատար մասնագետների՝ նրանց մասնակցությամբ տասնյակ դասախոսություններ պատրաստելով, որոնք թույլ կտան որակյալ բժշկական կրթությունն ավելի հասանելի դարձնել: 

Արարողությանը մասնակցում էին ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, որոնք համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել՝ երկարատև աշխատանքը շարունակելու նպատակով։