Պետդումայում հայտնել են, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է լիարժեք պատերազմի, ուստի անհրաժեշտ է երկրում մոբիլիզացիա սկսել. Կրեմլը մերժել է

16:15 • 13.09.22

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստից առաջ հայտարարել է  Ռուսաստանում ուժեր և ռեսուրսներ մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին, գրում է kommersant.ru-ն:
 
«Ցանկացած պատերազմ պատասխան է պահանջում: Առաջին հերթին անհրաժեշտ է ուժերի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա։ Պահանջվում է սոցիալական համախմբվածություն և հիմնական առաջնահերթությունների հստակ սահմանում»,- Զյուգանովի խոսքը մեջբերում է կուսակցության կայքը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է լիարժեք պատերազմի, որն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են Ռուսաստանին։

«Պատերազմը և հատուկ գործողությունը սկզբունքորեն տարբեր են.  հատուկ գործողությունը կարող եք դադարեցնել, պատերազմը՝ չեք կարող, եթե նույնիսկ ցանկանաք։ Այն (պատերազմը) ունի երկու ելք՝ հաղթանակ կամ պարտություն։ Դոնբասում հաղթանակի հարցը մեր պատմական գոյատևման խնդիրն է։ Այս երկրում բոլորը պետք է իրատեսորեն գնահատեն այն, ինչ կատարվում է»,- ասել է Զյուգանովը։

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է երկրում մոբիլիզացիա սկսել։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները չեն իրականացվի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հերթական անգամ ասել է, որ երկրում մոբիլիզացիա չի դիտարկվում։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են ռազմական մոբիլիզացիայի անհրաժեշտությունը։ Միաժամանակ Պետդումայի պաշտպանության կոմիտեի պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ կատարել մոբիլիզացիայի մասին դաշնային օրենքում։ Նորացված օրինագծի համաձայն՝ բազմազավակ քաղաքացիները հնարավորություն կունենան մտնել զինվորական ռեզերվ։