Մենք ներկայացրել ենք հայտարարություն, որը չի ներառվել, և վստահ կարող եմ ասել՝ սա հերթական արյունոտ շոուն էր. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԱԺ հայտարարության մեջ ընդգրկելու համար իրենց առաջարկած կետերին։
«Իշխող խմբակցությունը առաջարկել է մեր հայտարարությունից ներառել ընդամենը մի մասը, որը բացարձակապես չէր ներառում ողջ «աղը», ողջ կարևորագույն հետագա բանակցային գործընթացի համար իմաստը պարունակող կետեր: Եղել է նաև հետևյալ առաջարկը, եթե մեր ներկայացրած կետերը լավն են՝ ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն ներառվում հայտարարության մեջ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ իրենց խմբակցությունը չի պատրաստվում վերադառնալ ԱԺ նիստերի դահլիճ:
«Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին մեր զինվորների արյան վրա այս դահլիճում, ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել։ Նորից եմ ասում, եթե առաջարկները լավն էին, մեր քվեարկության համա՞ր էիք դրանք ներառում։ Ինչո՞ւ չեք ներառել այս առաջարկությունները վերջնական տեքստում։ Մեզ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք վերադառնում դահլիճ։ Երբ մեր սահմանների վրա ագրեսիա է, վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենը քննարկի, թե ընդդիմությունը ոնց աշխատի՞։ Արդյոք այս մեսիջները պե՞տք է երկրի թիվ մեկ ամբիոնից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հնչեցնի»,-ասաց նա՝ ավելացնելով, մինչդեռ կարելի էր աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունն ու կոչով դիմել դաշնակից երկրների օրենսդիր մարմիններին։
Հայկ Մամիջանյանը նաև ներկայացրեց՝ ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը:
«Քայլերի և հետագա գործողությունների մասին մենք կտեղեկացնենք հետագայում: Այս պահին ես ստիպված էի գալ այստեղ՝ հերքելով տարբեր ապիկարների հայտարարություններ, ոչ թե զբաղվել իմ պատգամավորական գործունեությամբ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:










