Չինաստանում ընկերությունը դիակիզարաններից ու բժշկական լաբորատորիաներից գողացել է ավելի քան 4,000 դի. South China Morning Post

12:04 • 09.08.24

Չինաստանում ընկերությունը դիակիզարաններից ու բժշկական լաբորատորիաներից գողացել է ավելի քան 4,000 դի՝ բժշկական ալոգեն պրոթեզներ պատրաստելու համար։

Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, իրավախախտները մոտ 380 մլն յուան (մոտ 53 մլն դոլար) են վաստակել ոսկրային հյուսվածքի վաճառքի անօրինական բիզնեսից։

Փաստաբան Յի Շենխուան ասել է, որ ոստիկանությունը Թայյուան քաղաքում (Շենսի նահանգ) հետաքննում է մարդկային մնացորդների զանգվածային գողության դեպքն ալոգեն պրոթեզների արտադրության համար։ Նրա խոսքով՝ Shanxi Aorui Biomaterials ընկերությունն անօրինական կերպով դիակներ և վերջույթներ է գնել Սիչուան և Շանդուն նահանգներում, ինչպես նաև Գուանսի Չժուան ինքնավար մարզում։

Ինչպես նա նշել է, ոստիկանությունն առգրավել է 18 տոննա ոսկոր և ավելի քան 34 հազար պատրաստի կամ գրեթե ավարտված ալոգեն պրոթեզ։ Նրա աղբյուրները նաև նշել են, որ Shanxi Aorui Biomaterials-ի գործադիր տնօրենը խոստովանել է ավելի քան 4,000 դիակի գողությունը Յունան, Գույչժոու և Սիչուան նահանգների, ինչպես նաև Չունցին քաղաքի դիակիզարաններից:

Դիակիզարանների աշխատակիցները մասնատել են դիերը՝ տեղափոխման և հետագա մշակման համար։ Մարդկային մնացորդների մատակարարների թվում է նաև Լյարդի հետազոտական կենտրոնը Ցինդաոյի համալսարանական հիվանդանոցում (Շանդուն նահանգ):Փաստաբանի խոսքով՝ այս գործով հանցավոր սխեմային մասնակցելու համար բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 75 կասկածյալ։

Թայյուան քաղաքի դատախազության խոսնակը հաստատել է, որ իշխանությունները հետաքննում են «մնացորդների առևանգումը և վերավաճառքը շահույթ ստանալու նպատակով», սակայն հրաժարվել է ավելի շատ մանրամասներ տրամադրել՝ վկայակոչելով «գործի բարդությունը»:

Սովորաբար, ալոգեն պրոթեզները պատրաստվում են այն հիվանդների ոսկրային նյութից, որոնք ենթարկվում են տարբեր վիրաբուժական միջամտությունների, օրինակ՝ կոնք-ազդրային հոդի փոխարինման: Այնուամենայնիվ, այդ նպատակների համար ոսկրային հյուսվածքի հեռացումը պետք է տեղի ունենա հիվանդի համաձայնությամբ: