Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունը․ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

11:01 • 01.10.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև առկա սերտ կապերի շնորհիվ։

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ կիրագործենք այս նպատակն ու առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»: