Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում են պատմության մեջ առաջին համատեղ հանդիպումն անցկացնել չինական Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների ծրագրերի մասին ուրբաթ օրը հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է Associated Press-ը։
Հանդիպման գլխավոր թեման լինելու է միջուկային սպառազինությունների կրճատումը։ Թրամփը նաև մտադիր է ռուս և չինացի առաջնորդների հետ քննարկել ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ, հայտնում է CNN-ը։
Ընդ որում, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի տվյալներով՝ բանակցություններում Ուկրաինայի հարցը բարձրացնել չի նախատեսվում։
Սպիտակ տանն անմիջական պայմանավորվածություններ չեն ակնկալում՝ հանդիպումը դիտարկելով որպես միջուկային զինաթափման շուրջ երկխոսության սկիզբ։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական միջուկային սպառազինությունների սահմանափակման վերջին պայմանագրի՝ ՍՆՎ-III-ի (New START) գործողության ժամկետը լրացել է փետրվարին։
Թրամփն ավելի վաղ մերժել էր համաձայնագիրը մեկ տարով երկարաձգելու Մոսկվայի առաջարկը՝ հայտարարելով Չինաստանի մասնակցությամբ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։
Պենտագոնի գնահատականներով՝ Չինաստանն ունի ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը յուրաքանչյուրն ունեն ավելի քան 5 հազար մարտագլխիկ։ Պեկինը դեռևս էական հետաքրքրություն չի ցուցաբերել միջուկային զինանոցների սահմանափակման համաձայնագիր կնքելու հարցում։










