Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները

16:50 • 12.05.18

 

Մայիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ The Armenia Art Fair ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Երևան Էքսպո» կենտրոնում բացված ցուցահանդեսը միտված է մեր երկրում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակմանը ու ստեղծել մշակութային հարուստ, շարունակական ծրագիր մասնակիցների համար: Tert.am Life-ը շրջել է արվեստի շուկայի տաղավարներով և ֆիքսել արվեստագետների բազմաժանր ու բազմագույն աշխատանքները:

 

Աշխարհի շատ երկրներում վաղուց գործող ցուցահանդես-վաճառքի այս ձևաչափը Հայաստանում կայացնելու գործին աջակցել է շահույթ չհետապնդող «Արագիլ Արտ» հիմնադրամը՝ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեքջյանների գլխավորությամբ: Art Fair-ի հիմնադիր Նինա Ֆեստեքջյանը, ով Հայաստան է ժամանել Բոստոնից, մեզ հետ զրույցում նշեց, որ նման մասշտաբի արվեստի շուկա ունենալու ձգտումը պայմանավորված է Հայաստանի ստեղծագործական առաջընթացով և մեր երկիր այցելողներին, զբոսաշրջիկներին գրավելու ցանկությամբ:

 

«Կուզեի իմ հայրենիքում միշտ առաջընթաց տեսնել նաև արվեստի բանգավառում: Քանի որ հայերի մեջ շատ մեծ արտիստներ ունենք, կարևորեցի այս տեսակ նախագիծ սկսելը, որպեսզի աշխարհին էլ կարողանանք ցույց տալ, թե ինչ զորավոր ենք արվեստի ոլորտում՝ նաև դրսից այստեղ արվեստագետների հրավիրելով: Սա նպաստում է նրանց միջև միջմշակութային համագործակցությանն ու կապերի հաստատմանը»,-ասաց նա:

 

 

The Armenia Art Fair-ին ներկայացված էին այնպիսի արվեստագետներ, այցելու կուրատորներ և պատկերասրահներ, ինչպիսիք են Կարոյան պատկերասրահը (Հայաստան), Գալերի 25-ը (Գյումրի), Դալան պատկերասրահը (Հայաստան), Լայթհաուզ պատկերասրահը (Լոնդոն): Արվեստի շուկայի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. ցուցադրված էին աշխատանքներ Հայաստանից, նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից:

 

«Art Fair-ը աշխարհում տարածված մոդել է, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող ունենալ մեր սեփականը` այդպիսով արվեստի բնագավառում սահմանելով մեր նշաձողը, ինչ-որ առումով ինովացիոն լինել»,- ասաց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյանը:

 

Armenia Art Fair-ում ներկայացված էր 20 տաղավար, որտեղ  սկսնակ ու  փորձառու արվեստագետները ներկայացրել էին ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիա, լուսանկարներ: Մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը, ցուցահանդեսին ներկայացել էր մեկ լուսնակարով՝ ինտերֆրակտալ նկարչության շարքից: Աշխատանքը ներկայացված է եղել նաև Գերմանիայի Հալե քաղաքի Մորեցբուրգի Ժամանակակից արվեստի թանգարանում:

 

 

«Իմ արվեստում սա ինձ բնորոշ շարքերից մեկն է, որը հիմնվում է մաթեմատիկական տեսության վրա և ստեղծում է նոր աբստրակտ մտածողություն: Ես շատ եմ կարևորում Art Fair-ները, որոնք անցկացվում են բոլոր մեծ մայրաքաղաքներում: Դա շատ լավ ձև է հանրահռչակվելու և փորձառություն ձևավորելու քո երկրի, քո քաղաքի մշակութային դաշտում նաև միջազգային համադարություն է տեղի ունենում, որը թույլ չի տալիս ունենալ քարացած, կարծրատիպային պատկերացումներ: Միշտ կարելի է մի նոր, թարմ բան տեսնել և եթե սա պարբերական դառնա, լայն տարածում կստանա: Իմ կարծիքով` հայկական ժամանակակից արվեստը այսօր մրցունակ է համաշխարհային արվեստի հետ»,- ասաց նա:

 

Բելառուսից կուրատոր Նատալյա Սոկոլվսկայան Tert.am Life-ին ներկայացրեց իրենց նկարիչների կտավներն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի միտումներով էին և կիսվեց Հայաստանից ստացած տպավորություններով. «Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը և այն, որ այստեղ կան մարդիկ, ովքեր գնահատում են արվեստը, ընդ որում` հետաքրքրված են ոչ միայն ավանդական, դասական արվեստի գործերով, այլև ժամանակակից ուղղությամբ: Այդ իսկ պատճառով այստեղ մենք ունենք հնարավորություն ցուցադրելու մեր այն աշխատանքները, որոնք մեր երկրում՝ Բելառուսում,  շատերը չեն ընկալում սահմանափակ հայացքներ ունենալու պատճառով: Մենք հասկացանք, որ հայերը գնահատում գեղեցիկը»:

 

 

Լոնդոնից սիրիացի կուրատոր Ռագաթ Մարջինին միանգամից երկու տաղավարներում էր ներկայացրել տարբեր երկրներից՝ Լիբանանից, Դանիայից, Ավստրիայից, Վիեննայից, ինչպես նաև սիրիացի փախստական նկարիչների ժամանակակից կտավները. «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և ուրախ ենք, որ մասնակից դարձանք առաջին անգամ անցկացվող Art Fair-ին, հնարավորություն ունեցանք ցույց տալու մեր աշխատանքները: Շատ սիրեցինք ինչպես Հայաստանը, այնպես էլ մարդկանց» :

 

The Armenia Art Fair-ը բաղկացած է մի քանի բաժիններից: Open Space-ը նվիրված է նկարիչ-կուրատոր համագործակցությանը, անկախ արվեստի նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք ներկայացնում են բացառապես ժամանակակից արվեստ` կենտրոնանալով վիդեո արտի, կատարողական արվեստի, տպագրության և ինստալյացիայի վրա: «Պատկերասրահ և ներկայացուցչություն»  բաժնում ներկայացված են միջազգային և տեղական դիլերները, «Միլենյում» ցուցադրությունը Բելառուսից  նոր ի հայտ եկող արվեստն է ներկայացնում, ինչպես նաև մի խումբ երիտասարդ հայ նկարիչների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից: Հատուկ հովանավորչական ծրագրի ներքո,  «Discover» բաժնում ռուսական ժամանակակից արվեստն է, որը ներկայացնում է 7th Contemporary Art Fair  (Սանկտ-Պետերբուրգ), որը անկախ, շրջիկ արվեստագետների խումբ է:

 

Armenia Art Fair-ի շրջանակում կանցկացվեն  կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև դասախոսություն-պերֆորմանս, որում հանդես կգա Slavs and Tatars արվեստագետների կոլեկտիվը: Armenia Art Fair–ը կշարունակվի մինչև մայիսի 14-ը: Եռօրյա ցուցահանդեսը, կազմակերպիչների հավաստմամբ, լինելու է ամենամյա:

 

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները