«Ինձ ու Սուրենին արգելվեց տանը կերպարները քննարկել». Մագան և Սուրենն առաջին անգամ բեմում. «Մոռանալու նուրբ արվեստը»՝ սիրո, ներելու և հիշողության մասին նոր կոմեդիան՝ հայտնի դերասանական կազմով

12:37 • 17.07.26

Հուլիսի 29-ին հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի նոր բեմադրությունը՝ «Մնա» (Մոռանալու նուրբ արվեստը): Ներկայացումը, որը համադրում է կոմեդիան, դետեկտիվն ու քնարական պատմությունը, պատմում է սիրելու, ներելու և երբեմն նաև մոռանալու անհրաժեշտության մասին։ Պրեմիերային ընդառաջ Tert.am Life-ը զրուցել է դերասանական կազմի և ռեժիսորի հետ՝ պարզելու, թե ինչ սպասել բեմից։

«Ներկայացման առանցքում ոչ թե հոգեբուժությունն է, այլ սերը, ներելն ու մոռանալը». Վաչե Երիցյան

Գլխավոր հերոսին մարմնավորող Վաչե Երիցյանի խոսքով՝ բժիշկ-հոգեբույժի կերպարը միայն առաջին հայացքից է պատմության կենտրոնում։ Իրականում ներկայացումը պատմում է մարդկային հարաբերությունների մասին։

Դերասանը պատմեց, որ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի առաջարկն ընդունել է առանց երկմտելու։ Նրա խոսքով՝ ռեժիսորի հետ համագործակցությունը սկսվել է «Բլոկադա» ներկայացումից, իսկ նոր աշխատանքում առավել շատ իրեն գրավել է գաղափարը։

«Այստեղ խոսքը հոգեբույժի աշխատանքի մասին չէ։ Պատմության հիմքում սերն է, ներելն ու մոռանալը։ Հենց այդ գաղափարներն են հանդիսատեսին ուղեկցելու ներկայացման ավարտից հետո»,- նշեց դերասանը։

«Իմ կերպարը բոլորովին նման չէ այն Մագային, որին ճանաչում է հանդիսատեսը». Մագա Հարությունյան

Դերասանուհի Մագա Հարությունյանի համար սա առաջին լուրջ բեմական փորձն է։ Նա խոստովանեց, որ երկար ժամանակ հրաժարվում էր նման առաջարկներից՝ զբաղվածության պատճառով, սակայն այս անգամ ընկերոջ՝ Սեդրակ Գոջամանյանի առաջարկին «ոչ» ասել չի կարողացել։

Դերասանուհին մարմնավորում է դատավորի, որի կերպարը, նրա խոսքով, բոլորովին տարբերվում է իրենից։

«Իմ հերոսուհին մի առանձնահատկություն ունի, որը չեմ ուզում բացահայտել, որպեսզի հանդիսատեսի համար անակնկալ մնա»,- ասաց նա։

Մագա Հարությունյանը պատմեց, որ փորձերի ընթացքում ամենաբարդը դերասանական կազմի գրաֆիկները համատեղելն է եղել, իսկ ամուսնու՝ Սուրեն Փահլևանյանի հետ անգամ արգելվել է տանը քննարկել կերպարները, որպեսզի յուրաքանչյուրն իր դերը կառուցի ինքնուրույն։

«Կենդանի հանդիսատեսի առջև խաղալու պատասխանատվությունն ամենամեծ փորձությունն էր». Սուրեն Փահլևանյան

Սուրեն Փահլևանյանի համար այս բեմադրությունը թատերական առաջին փորձն է։

Նա խոստովանում է, որ տարիներ շարունակ մերժել է նման առաջարկներ, քանի որ բեմում խաղալու պատասխանատվությունը վախեցրել է իրեն։

Դերասանը մարմնավորում է բանկի կառավարչի, որի մասին մանրամասներ չի ցանկանում հայտնել՝ պահպանելով ինտրիգը մինչև պրեմիերան։ Սուրենը նշեց, որ հեշտ է ու հաճելի աշխատել և՛ Մագայի հետ, և՛ թիմի մյուս անդամների:

«Սցենարը կարդում էի դետեկտիվ գրքի նման՝ անընդհատ ցանկանալով իմանալ, թե հետո ինչ է լինելու». Թամարա Պետրոսյան

Թամարա Պետրոսյանի խոսքով՝ կերպարն ամբողջովին տարբերվում է իր նախկին դերերից, և հենց դա էլ դարձել է առաջարկն ընդունելու հիմնական պատճառը։

Դերասանուհուն նաև գրավել է այն, որ ներկայացման մեջ կոմեդիան զուգորդվում է դետեկտիվային ընթացքով։

«Այն կատակերգություն է, բայց միաժամանակ ունի քնարական շերտ, որը պատմությունն ավելի խորն ու հետաքրքիր է դարձնում», -նշեց նա։

«Սա թատրոնից դուրս իմ առաջին կոմերցիոն ներկայացումն է». Ավետ Զոհրաբյան

Ավետ Զոհրաբյանի խոսքով՝ նոր ներկայացումը իր համար յուրահատուկ փորձառություն է եղել՝ թե՛ նոր թիմի, թե՛ նոր ռեժիսորի հետ աշխատելու առումով։

Նա մարմնավորում է հիշողության կորուստ ունեցող մի տարեց տղամարդու, որի շուրջ էլ աստիճանաբար զարգանում են ներկայացման հիմնական իրադարձությունները։

Դերասանը համոզված է, որ հանդիսատեսին սպասում է վառ, գունեղ ու անսպասելի շրջադարձերով պատմություն։

«Եթե երբեմն չմոռանանք, պարզապես կխելագարվենք». Սեդրակ Գոջամանյան

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ երբեմն պետք է կարողանանք մոռանալ, որպեսզի շարունակենք ապրել։ «Բայց ներկայացումն այդ մասին պատմում է ոչ թե ծանր դրամայի, այլ դասական կոմեդիայի լեզվով»,-ասաց նա։

Ռեժիսորի խոսքով՝ պատմության առանցքում հայտնվում են տարբեր մարդիկ, որոնց ճակատագրերը հատվում են  հոգեբույժի աշխատասենյակում, իսկ բոլոր իրադարձությունները վերջում հանգում են մեկ գաղափարի՝ սերն է փրկում մարդուն, իսկ սիրելու համար երբեմն պետք է կարողանալ մոռանալ։

Ռեժիսորը նաև նշեց, որ դիտավորյալ խուսափել է ժամանակակից կոմեդիաներին բնորոշ կանխատեսելի լուծումներից՝ ներկայացման մեջ ներառելով դետեկտիվային գիծ, որը մինչև վերջ պահում է լարվածությունը։

Հիշեցնենք՝ «Մնա» ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 29-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

«Ինձ ու Սուրենին արգելվեց տանը կերպարները քննարկել». Մագան և Սուրենն առաջին անգամ բեմում. «Մոռանալու նուրբ արվեստը»՝ սիրո, ներելու և հիշողության մասին նոր կոմեդիան՝ հայտնի դերասանական կազմով