Ես հո սպիտակ ագռավ չե՞մ. Սամվել Բաբայան

12:17 • 10.07.10

ԼՂ պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ, մասնավորապես, ասել է, որ քաղաքական ակտիվություն կդրսևորի, եթե Ղարաբաղի հարցի վերջնական լուծման դեպքում իր տեսակետի հետ համաձայն «ինչ-որ մի խավ» լինի Ղարաբաղում կամ Հայաստանում։ Բայց եթե հասարակությունն անտարբեր գտնվի, Բաբայանը չի պատրաստվում սպիտակ ագռավ լինել։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Պարոն Բաբայան, որպես ԼՂ պաշտպանության բանակի նախկին ղեկավար, ի՞նչ տեղեկատվության եք տիրապետում, որքանո՞վ է հնարավոր պատերազմական իրավիճակը ԼՂ-ում, և ինչպե՞ս եք գնահատում քաղաքական գործընթացները ԼՂ շուրջ։

- Ընդհանրապես, առաջին հերթին ռազմական առումով ես համարում եմ, որ մենք պետք է ավելի հզոր լինենք։ Եվ բանակն ավելի պատրաստ լինի ցանկացած գործողությունների։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղ ձևով խնդիրը լուծենք, պետք է լինենք լուրջ պատրաստված։ Տհաճ դեպքը, որ կատարվեց Չայլու գյուղում, ես կհամարեի, որ մեր կողմից թուլություն էր։ Պետք է ամեն օր սպասել, որ Ադրբեջանը ոտնձգություն անելու է, և թույլ չտալ, որ դա կատարվի։ Կատարվելու ղեպքում էլ նորմալ հակահարված տալ, որ աշխարհն էլ իմանա, որ հարվածի պատասխանը Ադրբեջանը ստացավ՝ ավելի կոպիտ ու կոշտ։ Սա ավելի շուտ կբերի խաղաղության, քան այն, ինչ որ մենք ենք անում։ Հայկական կողմը հայտարարում է, որ եթե միջազգային հանրությունը տեղյակ լինի դրա մասին, դատապարտի, դա շատ լուրջ դատապարտում կլինի։ Մենք պետք է իմանանք, որ տարածաշրջանում, լինի դա Ռուսաստան, ԱՄՆ թե Եվրոպա, միշտ բալանսավորված, երկու կողմերին ուղղված հայտարարություններ են լինելու, ոչ ավելի։ Չեն պաշտպանելու մեկին, մեկին փնովեն։ 92 թ.-ից մինչև էսօր չի եղել որևիցե նման դեպք։ Դրա համար մենք պետք է հզոր բանակ ունենանք ոչ թե խոսքով, այլ գործով։

-Այսինքն Ձեր կարծիքով մեր բանակն այսօր բավարար հզոր ու աչալուրջ չէ՞։

-Ես չէի ասի հզոր է կամ հզոր չէ, բայց աչալուրջ չէր։ Տվյալ պահին աչալրջության պակասի խնդիր ուներ։ Պետք է դրանից հետևություններ անենք։

-Իսկ Դուք այսօր որևէ կերպ աջակցո՞ւմ եք բանակին՝ որպես պաշտպանության բանակի նախկին ղեկավար։

-Եթե ինձանից ինչ-որ մի բան կախված լինի, խնդիր չունեմ։ Բայց ինքս փորձում եմ չմիջամտել ինչ-որ հարցերի կամ փորձել ձևակերպել՝ ինչ է եղել, ոնց է եղել՝ քնած էին, պառկած էին, թե ինչ դիրքում էին։ Չէի փորձի նման գնահատականներ տալ։

-Պարոն Բաբայան, այսօր խոսք է գնում, որ ԼՂ խնդրի լուծումը վերջնական փուլ է մտել։ Ինչպե՞ս եք գնահատում սա, հատկապես հաշվի առնելով, որ Դուք այն գործիչներից մեկն էիք, ով Ղարաբաղի լուծման հարցում հակասություն ունեցավ առաջին նախագահի հետ, և 98-ին փաստաթուղթ ստորագրվեց 8 հազար քառ. կմ Ղարաբաղի հետ կապված։

-Առաջին հերթին՝ բազմիցս է նշվել 8 հազար քառ. կմ-ն։ Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, դա ներկայացվել է Անվտանգության խորհրդի նիստին, որ ղարաբաղյան կողմի փոխզիջումը տվյալ փուլում պետք է լինի ոչ ավելի, քան 8 հազար քառ. կմ-ն է։ Դրանից ավելի չի կարող ղարաբաղյան կողմը փոխզիջման գնալ։ Դա մեր անվտանգության խնդիրն է և մի շարք այլ հարցերի հետ շաղկապված։

-Այսօր, սակայն, փոխզիջումները մի բան էլ ավելի չե՞ն։

-Չէ։ Փորձենք ճիշտ ընկալել այն, ինչ որ հայտարարության ձևով ներկայացվում է բանակցային կողմերին։ Ներկայացվեց մի փաստաթուղթ՝ Սարկոզի–Մեդվեդև-0բամա, որ այս կետերի շուրջ պետք է բանակցել։

-Իսկ Հայաստանը համաձայնե՞լ է դրան։

-Համաձայնել է այդ կետերի շուրջ բանակցել։ Հայաստանի իշխանությունը չի ասում, որ դա վերջնական է։ Դա բանակցության տեքստ է։ Այնպես որ, ժամանակից շուտ չասենք էն, ինչ որ չկա դեռ։ Երբ որ կլինի, երբ ՀՀ իշխանությունը բանակցությունների ընթացքում համաձայնություն կտա վերջնական, այ էդ ժամանակ անձամբ ես իմ տեսակետը կարտահայտեմ։

-Բայց այդ ժամանակ ուշ չի՞ լինի։

-Չէ։ Ոչ մի դեպքում ուշ չի լինի։

-Այդ ժամանակ Ձեր տեսակետն ի՞նչ կփոխի։

-Կտեսնենք, ժամանակը ցույց կտա ինչ կփոխի, ինչ չի փոխի։ Այն, ինչ ներկայացվում է այսօր, դրանով Ղարաբաղը Ադրբեջանի մի մաս է։ Բայց նաև առաջարկվող տարբերակով տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները հավասար են, և պետք է բանակցեն, թե որն է գերակայություն լինելու։ Ես ընդհանրապես չեմ տեսնում լուծում մոտակա տարիներին։ Նման 4 փաստաթուղթ է եղել։

-Պարոն Բաբայան, մյուս կողմից խնդրի չլուծված լինելու պատճառով մենք սահմանին բազմաթիվ զոհեր ենք ունենում, տնտեսական կորուստներ ենք ունենում և բազմահազարանոց արտագաղթ, կարծում եք կարո՞ղ է այսպես անվերջ շարունակվել։

-Եթե մենք համարում ենք, որ մեր տնտեսության չզարգացման պատճառը Ղարաբաղն է, այն հայ ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովուրդն էլ կարող է հանրաքվեի դնել, որոշեն, մի օրում էլ հանձնեն Ադրբեջանին ու վերջ՝ լավ ապրելու համար։ Ի՞նչ դժվար է։ Բայց պատճառը Ղարաբաղը չի, պատճառը ինքներս մեր մեջ փնտրենք։

-Կարծում եք պատճառը տնտեսական մենաշնորհնե՞րն են։

-Կլինի դա մենաշնորհ, կլինի դա օրենսդրական դաշտ, կլինի դա պետության ոչ ճիշտ քաղաքականություն տնտեսական դաշտում։

-Խոսեցինք մենաշնորհներից, տեղեկություններ կան, որ այսօր Դուք էլ եք բիզնեսով զբաղվում, և որոշ մենաշնորհներ Ձեզ էլ են տրված։

-Ծիծաղելի է ուղղակի։ Մատնանշեք այդ մենաշնորհը։

-Փայտ, դիզվառելիք։

-Փայտ Հայաստանում մի հինգ հոգի վաճառում են։ Ես վառելիքի հետ ոչ մի կապ չունեմ։ Մեր հին ընկերներից մեկը փայտ է ներմուծում, բայց Հայաստանում նմանատիպ 5– 6 փայտ ներմուծող ընկերություններ կան։ Բացի դրանից, որ օրվանից մենք էդ դաշտում ներկայացել ենք, փայտի գներն անընդհատ իջնում են։

-Դեմպի՞նգ եք անում։

-Այո։ Եթե մենք դրանով վնասում ենք, խնդրեմ, համարեք, որ մենք խանգարում ենք։ Որևիցե մենաշնորհ, որևիցե բան պարոն Բաբայանի հետ կապված չէ։ Դա ես որպես փաստ եմ ասում։ Պարոն Բաբայանը իշխանության հետ որևիցե կապ չունի, որևիցե շփում չունի, որևիցե մենաշնորհի կարգավիճակ չունի։ Իհարկե, եթե պետական գործ չեմ անում, պետք ա՞ մի բիզնեսով զբաղվեմ, իմ ընտանիքը պահեմ, չէ՞։ Բայց որևիցե մենաշնորհ, իշխանության հետ տալիք-առնելիք չունեմ։ Եթե նման փաստ ունեք, խնդրեմ հրապարակեք։

-Ասացիք իշխանության հետ տալիք-առնելիք չունեք։ Ինչպիսին են Ձեր հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ։ Ժամանակին բավական մոտ եք եղել չէ՞։

-Ինչքան գիտեմ, երկու տարի կա, չէ՞, որ Սերժ Սարգսյանը նախագահ է։ Ես իրեն տեսած, հանդիպած չկամ։

-Ի՞նքը ցանկություն չի հայտնել թե՞ Դուք։

- Դե դա ի՞նչ կապ ունի։ Մենք չենք հանդիպում, չենք խոսում, չենք շփվում։

-Խռո՞վ եք իրարից։

-Չէ։ Մարդը պետական գործերով է զբաղված։ Ես իր հետ ի՞նչ հարցի շուրջ շփվեմ, բիզնեսի՞։ Ես իմ բիզնեսն անում եմ։
-Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ շփվո՞ւմ եք։

-Այո, մեկ-մեկ շփվում եմ ինչ-որ հարցերով։

-Ի՞նչ հարցերի շուրջ եք շփվում։

-Տարբեր։ Նայած։ Կարող է մի հարցով էլ ես խորհուրդ հարցնեմ կամ ինչ-որ մի բան հարցնեմ։

-Պարոն Բաբայան, վերջերս կրկին տեղեկություն շրջանառվեց, թե հնարավոր է նոր կուսակցություն ստեղծվի Ձեր, Վարդան Օսկանյանի, Տիգրան Թորոսյանի մասնակցությամբ՝ որպես պրոքոչարյանական քաղաքական ուժ։ Նաև՝ արդյոք Դուք նպատակ ունե՞ք մտնել հաջորդ խորհրդարան։

- Ես Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հարցերից չեմ խոսում։ Իսկ վերջին բրիֆինգում բաց արտահայտվել եմ, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքական դաշտ չեմ տեսնում։ Երկրորդ, ես որևիցե կուսակցություն ստեղծելու, հիմնելու կամ որևիցե մեկի հետ կուսակցություն խաղալու իմաստ էլ չեմ տեսնում։ Նման բան չկա։ Նաև՝ պատգամավոր դառնալու խնդիր չունեմ, նման ցանկություն չկա։ Ես չեմ համարում, որ ՀՀ-ում պատգամավորը ինչ-որ խնդիր է լուծում։ Նման իրավիճակում ես մտադիր չեմ որևիցե քաղաքական ակտիվություն ցուցաբերել։ Կարող է Ղարաբաղի հարցում, երբ որ գա ինչ-որ մի վիճակի, ես իմ սեփական կարծիքը որպես քաղաքացի արտահայտեմ։

-Եթե այսօր պարզվի, որ հանձնում են Ղարաբաղին կից տարածքները, Դուք էլի քաղաքական ակտիվություն չե՞ք ցուցաբերի։

-Եթե կհասնի նրան, որ ես իմ տեսակետը կարտահայտեմ, և ինչ-որ մի խավ Ղարաբաղում կամ Հայաստանում կընդունի իմ տեսակետը, ես կակտիվանամ, կփորձեմ էդ տեսակետը պաշտպանել։ Բայց եթե հասարակությունն անտարբեր է՝ Ղարաբաղում կլուծվի հարց, չի լուծվի, կտան հողերը, թե չէ, թե դա րաբաղցիների, թե հայաստանցիների կողմից, ես հո սպիտակ ագռավ չե՞մ։ Հետո ինչ, որ ծառայություն եմ մատուցել։ ...Հասարակությունը չի ուզում պայքարել ոչ անարդարության դեմ, ոչ մի բանի, իր որևէ շահի համար։

-Դե, մարտի 1-ին պայքարեց, տեսանք ինչ եղավ։

-Չեմ գտնում, որ մարտի 1-ին պայքարեց։

-...Դուք էլ պայքարի մյուս կողմում էիք։

-Ես՝ կներեք, ոչ մի անգամ որևիցե կողմ չեմ բռնել։ Ես էն գլխից ասել եմ, որ չեմ մասնակցելու 2008– ի ընտրական գործընթացներին աջից կամ ձախից։ Ես մեր ժողովրդի հետ եմ եղել միշտ և որևիցե անգամ չեմ դավաճանել։ Ես չեմ համարել Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ճիշտ նույն Ղարաբաղի հարցով, և նա իր դիրքորոշումը չի փոխել։ Ուրեմն ես չեմ կարող այդ կողմում լինել։ Սերժ Սարգսյանի քաղաքականությունն էլ ինձ համար անընդունելի է։ Եվ չէի կարա մյուս կողմում լինեի։

-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ընդդիմադիր դաշտի հետ։

-Ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, որոնց հետ շփվում եմ, իշխանական դաշտում էլ կան։ Հարաբերությունս նորմալ է բոլորի հետ՝ լինի դա իշխանություն թե ընդդիմություն։ Ես երեխա չեմ, որ խռովեմ։

-Ղարաբաղի ներկա իշխանության հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են։

-Որևիցե հարաբերություն չունեմ, ոչ մի ժամանակ էլ չեմ ունեցել 99-ից էս կողմ։

-Պատճառը Ձեր դեմ հարուցված քրեական գո՞րծն էր։

-Չէ, եթե մեկն ինձ հետ չի շփվում, ես չեմ գնում քցվում, ասում շփվեմ։

Ես հո սպիտակ ագռավ չե՞մ. Սամվել Բաբայան