Գիտնականներն առաջին անգամ iPS ցողունային բջիջներից կենդանի մուկ են «աճեցրել»
Կիոտոյի համալսարանի գիտնականներն աշխարհում առաջին անգամ մկան iPS ցողունային բջիջներից սպերմատոզոիդներ են «աճեցրել», որոնք ներմուծելով ձվաբջջի մեջ՝ լիարժեք սերունդ են ստացել: Այդ մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով համալսարանի պաշտոնական կայքը:
Վերարտադրության անընդունակ արու մկան մաշկի բջիջներից գիտնականները նախ ստացել են iPS ցողունային բջիջներ, որոնց վրա հատուկ պրոտեիններ՝ սպիտակուցներ ավելացնելով՝ ստացել են առաջնային սաղմնային բջիջներ, որոնցից հետագայում ձևավորվում են սպերմատոզոիդներն ու իգական ձվաբջիջները:
Այդ բջիջները պատվաստվել են անպտուղ արուի ամորձու մեջ, ինչից հետո տասը շաբաթ անց կենդանու մոտ սերմնահեղուկ է առաջացել:
Այդ սերմնահեղուկից վերցված սպերմատոզոիդներն էլ պատվաստվել են դոնոր-մկան ձվաբջջի մեջ: Բեղմնավորված ձվաբջիջը պատվաստվել է էգ մկանը, ինչից հետո սահմանված ժամկետում նա ծննդաբերել է լիարժեք սերունդ:
Ավելին, նոր սերունդն, ի տարբերություն իրենց կենսաբանական հորը, անպտուղ չէ:
Ճապոնացի գիտնականների ձեռքբերումը կարող է մեծ առաջընթաց ապահովել մարդու անպտղության խնդիրների լուծման մեջ:
Բժշկության ասպարեզում iPS բջիջների օգտագործման հիմանական խոչընդոտը օնկոլոգիական հիվանդությունների զարգացման բարձր հավանականությունն է:










