Երեխային վիրահատել են մոր արգանդում
Ցյուրիխի մանկական հիվանդանոցում երկու ունիկալ վիրահատություն է անցկացվել ողնուղեղի աճի spina bifida դեֆեկտի վերացման համար։
Բժիշկները վիրահատել են դեռ չծնված երեխային՝ հենց մոր արգանդում։ Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ։ Հղի կնոջը խոր քնեցման են ենթարկել, իսկ պտղին քնեցնող նյութերը հասել են մոր արյան միջոցով։ Այնուհետև կնոջ փորին արված կտրվածքում ուլտրաձայնային սարքով որոշվել է արգանդի առավել անվտանգ կտրման հատվածը։ Դա արվել է առավելագույն ճշգրտությամբ, քանի որ պլացենտայի կամ պորտալարի վնասումը կարող էր ողբերգական լինել։
Բժիշկների խմբի ղեկավար Մարտին Մոյլին հայտնել է, որ երկու վիրահատությունն էլ բարեհաջող է ավարտվել և իրենց հաջողվել է ապահովել պտղի նորմալ զարգացումը մինչ ծննդաբերություն։
Նույնանման վիրահատության է ենթարկվել նաև մի քանի օր առաջ ծնված երեխան։
«Միաժամանակ ցավազրկել, վիրահատել և հետևել միանգամից երկու հիվանդի՝ մոր ու երեխայի վիճակին, չափազանց բարդ խնդիր է։ Բժիշկների գլխավոր նպատակն է, վիրահատական միջամտությունն անցավ ու առանց սթրեսի անցկացնել»,- ասել է անեսթեզիոլոգ Պետեր Բիրոն։
Spina bifida–ն ողնաշարի աճի արատ է, որը համատեղվում է ողնուղեղի արատների հետ։ Այն առաջանում հղիության հենց սկզբնական փուլում, իսկ արդեն հետագայում հանգեցնում է նրան, որ ծնված երեխայի մոտ ողնուղեղը «ճողվածքի պես դուրս է ցցվում»։










