Հաքերները կոտրել են Սիրիայի պաշտպանության նախարարության կայքը
Anonymous խմբի հաքերները կոտրել են Սիրիայի պաշտպանության նախարարության կայքը և այնտեղ տեղադրել հակակառավարական տեսագրություն։
Ինչպես հաղորդում է CNN-ը, կայքում սիրիական դրոշի կենտրոնում հաքերները տեղադրել են իրենց տարբերանշանը՝ անգլուխ մարդ կոստյումով, իսկ գլխավոր էջում տեղադրել են երկրի նախագահ Բաշար Ասադի գործողությունները դատապարտող հայտարարություն՝ իրենց աջակցությունը հայտնելով սիրիացի խաղաղ ցուցարարներին։
«Սիրիացի ժողովրդին. Աշխարհը պաշտպանում է ձեզ և հանդես է գալիս Բաշար Ասադի վարչակարգի դեմ։ Իմացե´ք, որ ժամանակը և պատմությունը ձեր կողմից են. բռնակալներն օգտագործում են բռնությունը, քանի որ նրանք այլևս ոչինչ չունեն, և որքան շատ բռնություն կա նրանց գործողություներում, այնքան խոցելի են նրանք դառնում… Բոլոր բռնակալների վարչակարգերն ընկնում են, և ձեր քաջության շնորհիվ Բաշար Ասադի վարչակարգը կլինի հաջորդը»։
Հաքերները դիմել են նաև զինվորականներին.
«Սիրիացի զինվորականներին. Դուք պատասխանատու եք սիրիացի ժողովրդի պաշտպանության համար, և յուրաքանչյուրը, ով ձեզ՝ կանանց, երեխաներին և ծերերին սպանելու հրաման կտա, պետք է դատապարտվի դավաճանության համար։ Արտաքին թշնամիներից ոչ ոք չի կարող այնքան մեծ վնաս հասցնելՍիրիային, որքան հասցրել է Բաշար Ասադը։ Պաշտպանե´ք ձեր երկիրը, ոտքի´ կանգնեք վարչակարգի դեմ. Anonymous»։










