FBI-ը կորած երեխաներին գտնելու հեշտ տարբերակ է մշակել
ԱՄՆ–ի հետաքննությունների դաշնային բյուրոն մշակել է սմարթֆոնների համար առաջին հավելվածը, որի միջոցով ամերիկացի ծնողներն ու ոստիկանությունն ավելի հեշտ կգտնեն կորած երեխաներին։ Այս մասին հայտնի է դարձել կազմակերպության կայքից։
Child ID անվճար հավելվածի օգնությամբ ծնողները կարող են բջջային սարքերի մեջ նախապես գրանցել իրենց երեխաների մասին տեղեկությունը, այդ թվում՝ հասակը, քաշը, մատնահետքերը, ինչպես նաև լուսանկար ներբեռնել։ Երեխայի անհետ կորելու դեպքում այդ տեղեկությունը մի քանի հպումով կարելի է օպերատիվ կերպով փոխանցել ոստիկանությանը։
Ծրագիրն ունի 911 արտակարգ փրկարարական ծառայության և ազգային «թեժ գծի» հետ ուղիղ կապի համար նախատեսված կոճակներ։ Կորած երեխայի մասին տեղեկությունը հատուկ կոճակի միջոցով կարելի է փոխանցել նաև համացանց։
Հավելվածի iPhone–ային տարբերակն արդեն հասանելի է Apple ինտերնետային խանութներում։










