Հնդկաստանում բորն արագորեն տարածվում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ բորը (lepra) մեծ արագությամբ տարածվում է Հնդկաստանում: Դեռևս վեց տարի առաջ պաշտոնապես հայտարարվել էր, որ այդ հիվանդությունը երկրում ամբողջովին վերացել է, սակայն բժիշկները, պարզվում է, սխալվել են:
Ամեն տարի Հնդկաստանում բորով հիվանդանում է 120 հազար մարդ, որոնց 10 տոկոսը երեխաներ են, հաղորդում է Rosbalt-ը:
Բորն այլ կերպ անվանում են «ծույլ մահ», քանի որ այն ունի երկար ինկուբացիոն և գաղտնի շրջաններ: Նախկինում համարվում էր, որ այդ հիվանդությունն ի հայտ է եկել Եգիպտոսում և Թաիլանդում մ.թ.ա. 400-300-ին, սակայն վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բորի «հայրենիքը» Հնդկաստանն է:
Հիվանդության հարուցիչը Mycobacterium leprae-ն է: Այն ախտահարում է մաշկը, ծայրամասային նյարդային համակարգը, վերին շնչուղիներն ու այլ օրգաններ:










