Anonymous-ի հաքերները խոստանում են ոչնչացնել Facebook-ը (տեսանյութ)

20:32 • 09.08.11

Anonymous հաքերական խմբի անդամները խոստացել են ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին շարքից հանել Facebook սոցիալական ցանցը: Հաքերները սոցցանցի ղեկավարությանը մեղադրում են օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու մեջ: Հայտարարությունը տարածվել է YouTube-ում տեղադրված տեսանյութի միջոցով:

Հաքերները պնդում են, որ Facebook-ը վաճառում է օգտատերերի անձնական տվյալները պետական հաստատություններին և հնարավորություն է ընձեռում դրանց ներկայացուցիչներին լրտեսություն իրականացնել ցանցում: Բացի այդ, հաքերներն ընդգծել են, որ սոցցանցը պահպանում է օգտատերերի մասին տվյալներն անգամ այն դեպքում, երբ անհատական էջը փակվում է, հաղորդում է «Ռիա նովոստին»: 

Հիշեցնենք, որ Anonymous-ը հայտնի է WikiLeaks կայքի հակառակորդների կայքերի նկատմամբ հարձակումներով: Այդ խմբի գործունեության թիրախ են դարձել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Sony-ն, Nintendo-ն, ԱՄՆ Սենատի, ՀԴԲ-ի կայքերը, Բրազիլիայի նախագահի ու կառավարության պաշտոնական կայքերը և այլն:


 

Anonymous-ի հաքերները խոստանում են ոչնչացնել Facebook-ը (տեսանյութ)