Ստեղծվել է բազմակի օգտագործման տպագրական թուղթ
Թայվանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտի (ITRI) հետազոտողները ստեղծել են տեղեկատվության նոր կրիչ, որ կոչվում է i2R e-Paper: Արտաքինից թուղթ հիշեցնող այս կրիչի վրա կարելի է տեքստ ու նկարներ տպել տասնյակ անգամներ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, i2R e-Paper-ը ծածկված է խոլեստերիկ հեղուկ բյուրեղներ պարունակող շերտով, որոնցում բացակայում է կենտրոնական համաչափությունը: Այսպիսի «թղթի» վրա պատկերի ստացման համար անհրաժեշտ է այն անցկացնել ջերմային տպիչի միջով, նույն կերպ իրականացվում է տպված e-Paper-ի մաքրումը:
Reuters գործակալությունը նշում է, որ «թուղթը» փոքր է և ճկուն, դրա վրա կարելի է անցկացնել տարբեր գույների նկարներ, իսկ վերատպման հնարավորությունների քանակն առայժմ հասնում է 260-ի:
Մշակողները հույս ունեն, որ իրենց տեխնոլոգիան կիրառություն կգտնի գովազդում, էլեկտրոնային գրքերում, հայտարարությունների տախտակների վրա և այլն: i2R e-Paper-ը նախատեսվում է շուկա հանել առաջիկա երկու տարիներին, դրա А4 չափսի կտորը կարժենա մոտ 2 ԱՄՆ դոլար:










