Vertu-ն մինչև տարվա վերջը սմարթֆոն կթողարկի
Ֆիննական Nokia ընկերության Vertu դուստր-ընկերությունը պատրաստվում է թողարկել սենսորային էկրանով սմարթֆոններ 4000 եվրո արժողությամբ։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Vertu-ի գործընկեր-ընկերության մենեջերին։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Vertu-ն սմարթֆոնի վրա աշխատում է արդեն 2 տարի՝ խիստ գաղտնիության պայմաններում։
Արտաքինից այն նման է iPhone-ին կամ Samsung-ին, սակայն շափյուղե ապակիով և հետին պանելի կաշվե ծածկոցով։ Նոր Vertu-ն, նախորդների նման, աշխատում է Symbian օպերացիոն համակարգի վրա, սակայն չի բացառում նաև Android-ի օգտագործումը։
Հեռախոսը վաճառքի կհանվի 2011թ. աշնանը։
Ինչպես գրում է թերթը, սենսորային էկրանով սմարթֆոնի մշակման մասին տեղյակ է նաև Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը, որը հաստատել է այդ տեղեկությունը։ Նրա տվյալներով՝ Vertu-ի ինժեները քննարկում էր նաև Windows Mobile օպերացիոն համակարգն օգտագործելու հնարավորությունը։
Սենսորային էկրանով հեռախոս արտադրելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը ձգտում է հաստատվել շուկայում, որտեղ սմարթֆոններն ավելի մեծ պահանջարկ և ամուր դիրքեր ունեն։
«Սենսորային էկրաններով թանկ սմարթֆոնները դուրս են մղում շքեղ հեռախոսները. այժմ հայտնի մարդկանց և գործարարների մոտ ավելի շատ կարելի է տեսնել ոչ թե Vertu,այլ սմարթֆոն»,- բացատրում է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։










