Apple-ը աշխարհի ամենաթանկ ընկերությունն է

11:52 • 10.08.11

Սթիվ Ջոբսի Apple ընկերությունը կարճ ժամանակում դարձել է աշխարհի ամենաթանկ կորպորացիան։ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 3,2%-ով, որը հանգեցրել է ընկերության կապիտալիզացիայի աճին մինչև 338 մլրդ դոլար։
Այսպիսով, iPhone-ի և iPad-ի արտադրողը շրջանցել է Exxon Mobil նավթագազային հսկային։ Վերջինիս կապիտալիզացիան իջել է մինչև 337,7 մլրդ դոլար։ Գնանշումների անկման պատճառը, Associated Press-ի հաղորդմամբ, նավթի գնի իջեցումն է։

Apple-ից և Exxon Mobil-ից հետո կապիտալիզացիայով աշխարհում երրորդ տեղում է PetroChina չինական նավթային ընկերությունը։ Նրա կապիտալիզացիան կազմում է 300 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբից ընկերության բաժնետոմսերը թանկացել են ընդամենը 9%-ով։
Հարկ է նշել, որ 1997թ. սեպտեմբերին, երբ Ջոբսը վերադարձավ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին, Apple-ի մեկ բաժնետոմսն արժեր 5,4 դոլար։ Դրանից հետո սկսվեց ընկերության գնանշումների աճը. 13,5 տարում բաժնետոմսերը թանկացել են գրեթե 75 անգամ։

Apple ընկերությունը հիմնվել է 1976թ. և այս պահին ԱՄՆ-ում համակարգիչներ և աուդիոնվագարկիչներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Ընկերության գրասենյակը գտնվումէ Կուպերտինո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), անձնակազմը հասնում է 35հզ.-ի։

Apple-ը աշխարհի ամենաթանկ ընկերությունն է