Երկնաքարերում առկա ԴՆԹ-ի մասնիկներն ունեն տիեզերական ծագում. NASA (տեսանյութ)

15:19 • 10.08.11

Աստերոիդների ու երկնաքարերի ներսում գտնվող քիմիական նյութերը կարող են հիմնական կենսաբանական մոլեկուլներ «արտադրել», ինչը նշանակում է, որ Երկրի վրա հեռավոր անցյալում ընկած տիեզերական մարմինները կարող էին կարևոր դեր խաղալ մեր մոլորակի վրա կյանքի առաջացման գործում, հաղորդում է Membrana-ն:

«Մարդիկ երկնաքարերում ԴՆԹ-ի բաղկացուցիչներ են հայտնաբերել դեռևս 1960-ականներին, սակայն գիտնականները վստահ չէին, որ դրանք առաջացել են տիեզերական տարածությունում: Առաջին անգամ մենք ունենք երեք ապացույց, որոնք միասին վերցրած վստահություն են ներշնչում, որ այդ ԴՆԹ-ի հատվածները իրականում առաջացել են Երկրից դուրս»,-ասել է NASA տիեզերական կենսաբաններից մեկը:

Մասնագետների խումբն ուսումնասիրել է 12 երկնաքար, որոնցից 9-ը հայտնաբերվել է Անտարկտիդայում: Հետազոտության արդյունքում դրանցում հայտնաբերվել են ադենին ու գուանին, ինչպես նաև հիպոքսանտին, քսանտին ու պուրին: Դրանք բոլորը կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բիոքիմիական գործընթացների կարևորագույն բաղկացուցիչներն են:

Բացի այդ կենսաբանական նյութերից, երկնաքարերում հայտնաբերվել են միացություններ, որոնք չեն օգտագործվում երկրային կենդանի օրգանիզմների կողմից: Մասնավորապես՝ երկնաքարերից երկուսում հայտնաբերվել են 2,6-դիամինոպուրին և 6,8-դիամինոպուրին:

Գիտնականները ենթադրում են, որ եթե երկնաքարերը հանդիսանում են «պրեբիոտիկ գործարաններ», ապա դրանք հավանաբար «արտադրում» են ԴՆԹ-ի ազոտային միացությունների ավելի մեծ տեսականի, քան առկա է մեր մոլորակի վրա:

Համեմատության համար մասնագետներն ուսումնասիրել են Անտարկտիդայի 8 կգ սառույց, որում ևս հայտնաբերվել են ադենին, գուանին, հիպոքսանտին ու քսանտին, սակայն հազար անգամ ավելի քիչ քանակությամբ, քան երկնաքարերում, ինչն էլ ավելի համոզիչ է դարձնում այն պնդումը, որ տիեզերական մարմիններում այդ նյութերը գոյություն են ունեցել նախքան Երկիր մոլորակում դրանց հայտնվելը: Իսկ ազոտային միացությունների «անոմալիկ» տեսակները սառույցում ընդհանրապես չեն հայտնաբերվել:

 

Երկնաքարերում առկա ԴՆԹ-ի մասնիկներն ունեն տիեզերական ծագում. NASA (տեսանյութ)