ԱՄՆ–ում այսօր կփորձարկեն աշխարհի ամենաարագընթաց ինքնաթիռը
ԱՄՆ–ում այսօր կփորձարկվի աշխարհի ամենաարագընթաց ինքնաթիռը, որն ի վիճակի է 20 անգամ գերազանցել ձայնի արագությունը։ Նյու Յորք քաղաքից Լոս Անջելես այդ սարքը կարող է անցնել ընդամենը 12 րոպեում (սովորաբար 5 ժամից ավելի է տևում), իսկ Լոնդոնից Սիդնեյ՝ մեկ ժամից ոչ ավելի ժամանակահատվածում։
Ռազմական նշանակության այդ գերձայնային ինքնաթիռը՝ Falcon HTV-2–ը, մշակվել է ամերիկյան Պաշտպանության ոլորտում հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչության կողմից։
Ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, այդ սարքի միջոցով մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում հնարավոր է, օրինակի համար, միջուկային զենք հասցնել և նետել երկրագնդի ցանկացած կետում։
Ձևով ինքնաթիռը նիզակի ծայր է հիշեցնում։ Երկարությունը ընդամենը 3,7 մետր է, արագությունը՝ ժամում 13 000 մղոն(մոտ21 000 կմ/ժ)։ Համեմատության համար նշենք, որ սովետական МиГ-25 տեսակի գերձայնային ինքնաթիռները ժամում ընդամենը 2400 կմ– են հաղթահարում։ Falcon–ն այսօր կես ժամվա ընթացքում 7600 կմ տարածություն պետք է անցնի։ Ինքնաթիռը, որ Պենտագոնի պատվերով սկսել է մշակվել 2003թ., նախկինում փորձարկվել է աերոդինամիկ խողովակում և վիրտուալ տարածությունում։ Իրական պայմաններում առաջին փորձարկումը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին, որը, սակայն, անհաջող է անցել։
Հաղորդվում է, որ Falcon HTV-2–ի մշակման, մոդիֆիկացիայի և փորձարկման համար առ այսօր 308 մլն դոլար է ծախսվել։










