Apple-ը կներկայացնի iPhone 5-ը սեպտեմբերի 7-ին
Apple ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի 7-ին ներկայացնել մի շարք նոր արտադրանքներ, որոնց թվում սպասվում է նաև 5-րդ iPhone-ի թողարկումը: Այս մասին տեղեկանում ենք pcnews.am-ից։
Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերին Apple-ը ներկայացնում է iPod նվագարկչի նոր տարբերակը, սակայն այս տարի միջոցառման կենտրոնում կարող է հայտնվել հենց iPhone-ը:
Սմարթֆոնը սովորաբար ամեն տարի ներկայացվել է հունիս-հուլիս ամիսներին, սակայն այս տարին բացառություն է: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ iOS 5-ի վերջնական տարբերակը կհայտնվի աշնանը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ դա տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նոր սերնդի iPhone-ի ներկայացման հետ միասին:
Փորձագետների մեծ մասի կարծիքով՝ նոր iPhone-ն այնքան էլ չի տարբերվի 4-րդ տարբերակից: Ամենայն հավանականությամբ՝ սարքը կունենա Apple A5 պրոցեսոր և 8 մպ տեսախցիկ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ սմարթֆոնը կլինի ավելի բարակ ու լայն, քան iPhone 4-ը:
2007-ից ի վեր, երբ թողարկվեց առաջին iPhone-ը, ողջ աշխարհում վաճառվել է սմարթֆոնի 128 մլն օրինակ:
Մի քանի օր առաջ Չինաստանում սկսել են վաճառել կեղծ iphone 5–եր, որը հնարավոր է ինտերնետում ձեռք բերել ընդամենը 31 դոլարով։










