Պետք է արդար ապրել և վերականգնել արդարադատությունը. Սերժ Թանկյան
Երևանի «Մոսկվայի տանը» այսօր տեղի ունեցավ ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հանդիպումը քաղաքացիական հասարակության անդամների՝ ԶԼՄ–ների, հասարակական, կրթամշակութային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և երկրպագուների հետ։
Հանդիպման հիմնական օրակարգում հանրահայտ երգիչ և երգահան, աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի քաղաքացիական, հասարակական ակտիվ գործունեությունն էր։ Երաժիշտը նախ անդրադարձավ երեկ Երևանում ունեցած մենահամերգին, որ նվիրված էր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացմանը։
«Վերջին երկու օրերին ես շատ զբաղված էի կապված համերգի նախապատրաստման ու այլ աշխատանքների հետ։ Ես իսկապես զարմացած ու տպավորված եմ երեկվա համերգից թե զգացմունքային, թե կազմակերպչական և թե այլ առումներով։ Այն մեկ մակարդակ բարձր էր, քան ես կարող էի կարծել»։
Ռոք երաժիշտը պատմեց, որ հայաստանյան այցելության ընթացքում հրավիրված է եղել վարչապետի մոտ, ում հետ բավական բաց ու արդյունավետ քննարկում է տեղի ունեցել։ «Ես ներկայացրեցի իմ որոշ գաղափարներն ու ծրագրերը՝ կապված ցեղասպանության ճանաչման հետ, ինչը լավ ընդունվեց վարչապետի կողմից»։
Ամերիկահայ երգիչն անդրադարձավ Թեղուտի տարածքում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին, ինչի կապակցությամբ մշտապես մտահոգություն են հնչեցրել բնապահպանները և այսօր կոչով նրան է միացել նաև Սերժ Թանկյանը. «Ես միշտ սատարել եմ Թեղուտի պաշտանության թիմին։ Հանքարդյունաբերությունը, պետք է ասել, վտանգավոր երևույթ է ոչ միայն Հայաստանում։ Արդյունաբերության այդ ճյուղը, անշուշտ օգտակակար է՝ առավել ևս բնական քիչ պաշարներ ու հնարավորություններ ունեցող երկրների համար, բայց պետք է դրանից առաջ լուրջ մտածել, հեռահար վերլուծություն կատարել»։
Խոսելով իր քաղաքացիական ակտիվ գործունեության մասին՝ Սերժ Թանկյանը համոզմունք հայտնեց, որ կյանքը պետք է արդար ապրել և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ արդարադատությունը վերականգնելու համար։ «Դա մեր աշխատանքի մի մասն է. բոլոր այլ աշխատանքների պես երաժշտությունն էլ պետք է ծառայի արդարության պայքարին»,– շեշտեց նա։










