Բժշկական անփութության արդյունքում երեխան զրկվել է ձեռքից
Վլադիկավկազում բնակվող 13-ամյա մի տղայի կոտրված ձեռքի սխալ բուժման արդյունքում, բժիշկները ստիպված են եղել անդամահատել այն, տեղեկացնում է Life News լրատվական կայքը:
Երեխան բակում խաղալիս` ծառից ընկել և կոտրել է ձեռքը: Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ բժիշկները սովորական գիպս դրել նրա ձեռքին: Սակայն երեք օր անց նա իրեն ավելի վատ է զգացել:
Պարզվել է, որ երեխային տանջող սուր ցավի պատճառը, վիրակապ դնելու արդյունքում արյան մեջ ներթափանցած վարակն է:
«Երեխայի ձեռքն արտաքնապես առողջ տեսք ուներ, սակայն կասկածեցինք, որ ցավի պատճառ կարող է վարակը հանդիսանալ: Հետազոտությունը ցույց տվեց, որ վերքի մեջ ներթափանցած վարակը գազային փտախտ է առաջացրել»,- ասել է մանկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Տիգիևը, հավելելով, որ իրենց այլ բան չի մնացել, բացի երեխայի ձեռքն անդամահատելուց:
Ըստ Տիգիևի` այդ վարակը հիմնականում հանդիպում է տարեց մարդկանց մոտ:
Նշենք, որ անդամահատված երեխայի ծնողները գումար են հավաքում պրոթեզ գնելու համար, որն արժե 60 հազ ռուբլի:
Ոստիկանությունում անփույթ բժշկի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել:









