Առաջին նախագահը պիտի իր վրա վերցնի համամասնականի սուբյեկտիվ որոշման և՛ ծանր բեռը, և՛ դափնիները. Արամ Սարգսյան
ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հետ Tert.am-ի զրույցում, խոսելով քաղաքական ուժերի ներսում եղած խնդիրների մասին, ասում է, որ դրանք շատ սուբյեկտիվ են, որի պատասխանատվությունն, ի վերջո, իր վրա վերցնում է տվյալ քաղաքական ուժի ղեկավարը: «Այսինքն՝ առաջին նախագահը պիտի իր վրա վերցնի սուբյեկտիվ որոշման ծանր բեռը՝ էդ բեռից եկած դրական արդյունքներն ու դափնիներն էլ են իրենը, էդ բեռի ծանրությունն ու բարդությունը, բողոքները էլի իրենն են: Էդպիսին է քաղաքականությունը»,- ասում է նա: Մեր զրույցում անդրադարձ է արվել նաև վերջերս Տիգրան Սագսյանի և Սեյրան Օհանյանի՝ իր հայրական տուն այցելությանը։
-Պարոն Սարգսյան, մամուլով և ոչ միայն, տեղեկություններ կան, որ Կոնգրեսում չեն կարողանում համաձայնեցված ցուցակ կազմել: Այս պահին ի՞նչ կոնսեսուս կա:
-Էս պահի կոնսենսուսը հետևյալն է. ստեղծվել է մեծամասնական ընտրակարգի մասով կոպիտ ասած՝ քաղաքական անհատականությունների բանկ: Ասեմ, որ այն ցուցակները, որ ներկայացվեցին Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների կողմից շատ ուրախացնող էին: Ես, օրինակ՝ բավականին բարդ էի համարում մեծամասնական ընտրակարգով մասնակցությունը: Այստեղ իսկապես կան անհատներ, որոնք հասարակական հեղինակությւոն ունեն, տեղերում, որտեղ իրենք համաձայնություն են հայտնել համապատասխան տեղերում հանդես գալու, լուրջ ռեսուրս ունեն, և սա ոգևորող է: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, այստեղ որոշումը մեկն է. ՀԱԿ-ի կուսակցությունները դաշինքով հանդես գալու համաձայնության են եկել: Իսկ հիմնական առումով բոլորն էլ գիտակցում են, որ վերջնական որոշումը պիտի համաձայնեցվի Կոնգրեսի լիդերի հետ, և համոզված եմ, որ պրոբլեմներ գրեթե չեն լինելու: Վստահ եմ, որ դա կլինի համամասնական ցուցակը հաստատելուց հետո, անկախ նրանից, թե էդ ցուցակն ինչ սկզբունքներով կկազմվի, ովքե՞ր կլինեն էդ ցուցակում:
-Այս պահին Կոնգրեսը զբաղված է իր համամասնական և մեծամասնական ցուցակները կազմելով: Ձեր հարցազրույցներից մեկում ընդգծված նշել էիք, որ ցուցակում պետք է լինեն մոտ երկու տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Սա սկզբունքայի՞ն մոտեցում է՝ հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, ՀԱԿ համամասնական ցուցակը չի կարող ռետինի նման ձգված լինել:
-Ես ասել եմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը կարող է մեծամասնական ընտրակարգով մասնակցել, ներկայացնել թեկնածուներ և Կոնգրեսի մեր գործընկեր քաղաքական ուժերի հետ համադրումից հետո, որպեսզի մեկ տեղի վրա տարբեր մարդիկ չլինեն, առաջարկել մեծամասնական տարածքներում: Մենք 11 մարդու անուն էինք տվել։ Մասնավորապես, Աշոտ Զաքարյան-Գյումրի, Մուշեղ Սաղաթելյան կամ Սևակ Սաղաթելյան -Արթիկ, Թալինում՝ Սափեյան եղբայրներից որևէ մեկը, Երևանում՝ Սմբատ Այվազյան, Սուրեն Աբրահամյան, Արտակ Զեյնալյան և այլոք: Կարող եմ էլի անուններ ասել, բայց այս մարդիկ կարող են առաջադրվել, իրենք արդար ընտրությունների դեպքում ունեն լուրջ հնարավորություններ հաղթանակի հասնելու, և, քանի որ մեր երկրում որևէ մեկը չի հավատում արդար ընտրությունների, անարդար ընտրությունների կռիվ-պայքարի պարագայում էս մարդիկ իսկապես կռիվ տվող մարդիկ են, և իրենց ազգակցական կապերով 5-10 հազար ձայն Կոնգրեսի համամասնական ցուցակին բերող մարդիկ են:
Իմ առաջարկը եղել է սա: Համամասնական ցուցակի առումով ես ասել եմ, որ Կոնգրեսում վառ անհատականությունները շատ են և հաշվի առնելով նրանց՝ քաղաքական գործընթացներին ունեցած մասնակցությունը, պիտի կազմվի համամասնական ցուցակ, որի գոնե առաջին 20 համարին սովորական քաղաքացին կարդալուց չպետք է ասի՝«էս մարդը ով է»: Եթե «Հանրապետականի» կամ «Բարգավաճի» ցուցակում կարող են նման մարդիկ լինել, ապա, մեր ցուցակի դեպքում պիտի էդպես չասեն, որովհետև Կոնգրեսը ընդդիմություն է, իր գործը հեշտ է, ժողովուրդը լավ չի ապրում, երկրի վիճակը ծանր է ու հետևաբար, էդ մարդկանց դնելը Կոնգրեսի համար լուրջ պարտականություն է: Բայց սա շատ սուբյեկտիվ խնդիր է, գնահատականի խնդիր է՝ ինչքանո՞վ է, ասենք, Արտակ Զեյնալյանը կամ ՀԺԿ-ից Ստեփան Մինասյանը աշխատել, որը որից առաջ, հետո։ Էս խնդիրները շատ սուբյեկտիվ են և քաղաքականությունն իր մեջ սուբյեկտիվիզմ պարունակում է և էդ սուբյեկտիվիզմն ի վերջո իր վրա վերցնում է տվյալ քաղաքական ուժի ղեկավարը: Այսինքն՝ առաջին նախագահը պիտի իր վրա վերցնի սուբյեկտիվ որոշման ծանր բեռը՝ էդ բեռից եկած դրական արդյունքներն ու դափնիներն էլ են իրենը, էդ բեռի ծանրությունն ու բարդությունը, բողոքները էլի իրենն են: Էդպիսին է քաղաքականությունը:
-Դուք նման առաջարկ արե՞լ եք:
-Առաջարկել եմ Կոնգրեսի քաղխորհրդում, մեծամասնականով իմ տեսակետն ասել եմ, և դա առաջարկ է: Ես, առհասարակ, ինչ առաջարկում եմ, բաց ասում եմ մամուլին, քանի որ դեմ եմ ստվերային խոսակցություններին, պայմանավորվածություններին: Ես գտնում եմ, որ էս երկիրը քանդել է դա:
-Ի՞նչ արձագանք ստացաք:
-Գիտեք ինչ, բացի իմ տեսակետը, Կոնգրեսում շատ խելոք ու արժանի մարդիկ կան, և իրենք էլ բավականին լուրջ տեսակետներ են բերել, որոնց առումով ես էլ եմ մտածում, թե ո՞ր տարբերակն է ավելի հեշտ, ավելի հավանական, որովհետեև էնպես չի, որ ամբողջությամբ պիտի թողնես լիդերի վրա: Ինչ-որ խնդիրներից, սկզբունքներից էլ ելնելով դու պիտի լրացնես, որպեսզի լիդերի էդ որոշումը հնարավորինս ավելի ազնիվ դառնա ու ավելի հեշտ: Եվ էս առումով շատ մոտեցումներ էլ կան, որոնք քաղխորհրդի նիստերին հնչեցվել են. քաղաքական 18 կուսակցությունների առաջնորդներից յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի: Էս ամեն ինչը ամփոփելով է, որ Կոնգրեսը կորոշի, թե իր համամասնական ցուցակն ինչ սկզբունքով է կազմելու, ովքեր են լինելու և դրանով էլ մտնելու է ընտրապայքարի:
-Ամեն դեպքում անցողիկության հարցը չեք կարող շրջանցել և գուցե շատերը ընդգրկվեն, բայց ոչ անցողիկ տեղերում: Ներքաղաքական կուլիսներում շրջանառվում է 15 տեղի վերաբերյալ խոսակցություններ։
-Չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ դրանք 15-ն են, կան մարդիկ, ովքեր մտածում են՝ 35-ն են, կան մարդիկ՝ 55-ը: Կան էլ, որ մտածում են՝ «կարևոր չի, թե քանիսն են, կարևորը փոփոխության հասնելն է»: Էս քաղաքական գործընթացում ճիշտը քաղաքական դիվիդենտներ հավաքելն է և դրանք Հայաստանում իրական փոփոխությունների վերածելն է: Ես չեմ կարծում, որ Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները դաշինքի փաստաթուղթ են ստորագրել, մեկ-երկու պատգամավոր ունենալու համար:
-Բացառու՞մ եք, որ ցուցակը կազմելուց հետո կլինեն դժգոհություններ:
-Կառաջանա գնահատման խնդիր, բայց սա շատ բնական է, քանի որ չի կարող 131 հատ առաջին համար լինի և, ընդհանրապես, էդ պայմանականություններին պետք է թեթև վերաբերել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ իսկապես շատ կցանկանամ, որ իմ անհատականությունը հարգեն,մեծամտություն չհամարեն և ինձ դնեն Կոնգրեսի ցուցակի վերջին համարում: Ես խոստանում եմ, որ էդ վերջին համարը լինելով՝ հանրահավաքներին, հանդիպումներին կաշխատեմ էն ուժով ու եռանդով, որ դա չի տարբերվի առաջին տասնյակում եղած համարներից: Ես գտնում եմ, որ Կոնգրեսի համակիրները հարյուր հազարավոր են և նրանցից 60-ը, 30-ը կամ 50-ը կդառնան պատգամավոր, իսկ էն մնացածը, որ կմնան դրսում, ես սիրով կմնամ իրենց հետ՝ ներսում եղած 60-ին, 30-ին կամ 50-ին աջակցելու համար:
-Մեծամասնական ընտրակարգի մասին Ձեր ասածներից կարելի է դատել, որ Կոնգրեսը նյութական դժվարություններ ունի:
-Այո, կարելի է դատել, նյութական դժվարությունների կա, որովհետև էն մարդիկ, ովքեր մեծամասնականով պիտի առաջադրվեն իրենք կամ ներկայացնող կուսակցությունները պիտի հոգան էդ մարդկանց ծախսերը՝ ընտրական գրավից սկսած մինչև այլ ռեսուրսներ: Այն կուսակցությունները, որոնք առաջադրում են, պիտի ասեն, որ ունեն էդ ռեսուրսները:
-Պարոն Սարգսյան վերջին շրջանում բավական մեծ քննարկման առիթ դարձավ իշխանության բարձրագույն որոշ ներկայացուցիների՝ Ձեր ընտանիքին այցելելը։ Եվ եթե Սեյրան Օհանյանի դեպքում որևէ արտառոց բան չկար, ապա Տիգրան Սարգսյանի պարագան մի քիչ այլ էր: Մամուլում սա մեկնաբանվում է, որ այդ այցերը ինչ-որ PR նպատակներ են հետապնդում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք։
-Ես շատ կուզենամ, որ էն մարդիկ, ովքեր բացում են Վազգեն Սարգսյանի տան դուռը, էդ դուռը բացեն Վազգեն Սարգսյանի սրտով. մաքուր, ազատ, առանց հետին մտքերի: Ես ուզում եմ հավատալ, որ էդ մարդիկ էդպես էլ եկել են մեր տուն: Ես ասում եմ նաև, որ ՀՀ ցանկացած քաղաքացու համար, ով հարգում է Վազգենին՝ նրան անձամբ ճանաչելով կամ ոչ, ես ասում եմ, որ այդ մարդկանց համար Վազգենի տան դռները բաց են: Եվ իրենցից որևէ մեկի հանդեպ ես հետին միտք չունեմ, որովհետև իրենք գալիս են Վազգենի տուն, Վազգենի ծնողներին տեսնելու և իմ հետ քաղաքական հայացքներ ճշտելու չեն գալիս: Ես էլ հնարավորինս հեշտացնում եմ իրենց՝ մեր տուն այցելությունը իմ բացակայությամբ, լրացուցիչ բարդություններ չդնելով, բայց շատ ուրախ եմ, որ գալիս են:









