Հայ պրոֆեսորի աշխատությունն Իրանում «տարվա գիրք է» ճանաչվել
Թալիշ ժողովրդի (թալիշներն իրանալեզու ժողովուրդ են, որ բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային (Գիլան) և Ադրբեջանի Հանրապետության հարավային շրջաններում) ավանդույթների և մշակույթի մասին պատմող Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի գիրքն Իրանում «տարվա գիրք է» ճանաչվել:
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Ասատրյանի «Թալիշական ժողովրդական ավանդություններ և հեքիաթներ» վերտառությամբ գիրքը նման բարձր գնահատանքի է արժանացել «իրանագիտության բնագավառում կատարված հետազոտությունների» մրցույթում:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011թ. Երևանում` թալիշագիտությանը նվիրված միջազգային երկրորդ կոնֆերանսի ժամանակ:
Թալիշ ժողովրդի բազամաշերտ հավատալիքների, հարուստ, բազմաժանր բանահյուսության, պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրությունը հայ իրանագետների ուշադրության կենտրոնում է: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մի քանի տարի առաջ հրատարակվել է նաև «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ակնարկներ» գիրքը:










