Այսօր մեկնարկում է Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը

10:37 • 09.02.12

Այսօր մեկնարկում է Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը կամ Բեռլինալեն:

Ինչպես տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից` այս տարվա գլխավոր մրցութային ծրագրում ընդգրկված է 23 ֆիլմ, որոնցից 18-ը կմրցեն «Ոսկե արջի» համար, որի ժյուրին գլխավորում է նշանավոր կինոռեժիսոր Մայք Լին:

Մրցութային ծրագրում Պաոլո և Վիտտորիո Տավիանիների, Հանս Քրիստեան Շմիդտի, Ժան Իմոուի, Բրիլանտե Մենդոզի, Վան Քուանի, Ժակ Բենոյի հետ միասին ներկայացված են նաև միջազգային հանրությանը ոչ այնքան հայտնի կինոռեժիսորների ֆիլմեր:

Ինչպես միշտ փառատոնի պաշտոնական մաս են կազմում` «Պանորամա», «Ֆորում» «Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ» և այլ բաժինները:

Համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար հատուկ մրցանակի կարժանանա աշխարհահռչակ ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփը: Իսկ «Հետահայաց ցուցադրություն» բաժնում կցուցադրվեն 1922-36թթ. ռուս-գերմանական Mezhrabpom-Film և Prometheus կինոստուդիաների արտադրանքը:

Այս տարվա Բեռլինալեի Ֆիլմերի մեծ մասը ինչպես միշտ համաշխարհային պրեմիերաներ կլինեն: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 400 ֆիլմեր: Նախատեսվում է, որ ֆիլմերի դիտումներին կլինեն ավելի քան 450 հազ հանդիսատես, ավելի քան 15 հազ մասնակից`մոտ 115 երկրից: Փառատոնը, որը լուսաբանվելու է ավելի քան 400 լրագրողի կողմից,փակվելու է փետրվարի 19-ին: