Դատարանը ամերիկացուն պարտադրել է կնոջը ռեստորան տանել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի դատարաններից մեկի դատավորը, քննելով կենցաղային բռնության վերաբերյալ մի գործ, վճռել է, որ 47-ամյա պատասխանողը կնոջը պետք է տանի ռեստորան և բոուլինգի, գրում է South Florida Sun-Sentinel-ը:
Գործում նշվում է, որ ամուսինը վիճաբանությունից հետո հարձակվել է կնոջ վրա և նրան նետել բազմոցին: Վեճի պատճառ էր հանդիսացել այն, որ նա մոռացել էր կնոջ ծննդյան օրը և չէր շնորհավորել նրան: Դատավորը հանգել է այն եզրակացության, որ պատասխանողի մեղքի բաժինը չնչին է:
Որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տղամարդը նախկինում դատվածություն չի ունեցել և որ կինը ոչ մի վնասվածք չի ստացել:
Դատավորն իր վճռում նշել է, որ «պատասխանողը պետք է ծաղիկներ գնի, գնա տուն, գեղեցիկ հագնվի, կնոջը տանի ռեստորան, ապա բուուլինգի»:
Հավելենք նաև, որ դատավորը նախօրոք «տուժածից» հետաքրքրվել էր, թե նա որ ռեստորանը և ինչ մարզաձև է նախընտրում:









