Պուտինը սպառել է իրեն. Գորբաչով
Խորհրդային միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը շատ օգուտ է տվել երկրին, սակայն սպառել է իրեն:
«Նա շատ օգտակար բաներ է արել: Սակայն այժմ կորցրել է իր ուժը», - ասել է Գորբաչովը Մոսկվայի Միջազգային համալսարանում այսօր կայացած դասախոսության ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախկին նախագահը քննադատության է ենթարկել նաև Պետդուման, որտեղ ծաղկում է «խնամիությունը», և ասել, որ «Պուտինին չի հաջողվի պայքարել դրա դեմ»:
Նրա կարծիքով` անհրաժեշտ է փոխել իշխանական համակարգն ամբողջությամբ: Գորբաչովը մտավախություն է հայտնել, որ եթե ընտրություններից հետո իրավիճակը չփոխվի, «բոլորը դուրս կգան հրապարակ»:
Հիշեցնենք, որ Գորբաչովը միացել էր դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների պահանջներին (նրանք պահանջում են նոր ընտրություններ):
Ի դեպ, Պուտինի նախընտրական շտաբը փետրվարի 23-ին Մոսկվայի Մանեժի հրապարակում պատրաստվում է անցկացնել 200-հազարանոց հանրահավաք` «Պաշտպանենք հայրենիքը» կարգախոսով:









