«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ բողոքի ակցիա կանցկացվի
Լոս Անջելեսում կիրակի օրը կայանալիք «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը կուղեկցվի բողոքի ակցիայով:
Ինչպես հաղորդում է «Գազետա»-ն, Ձայնագրման արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիա է ուղարկվել բողոքի նամակ, որը ստորագրել ե շուրջ 23 հազ երաժիշտ: Նամակում նրանք իրենց դժգոհությունն են հայտնում մրցանակաբաշխության անվանակարգերի կրճատման դեմ (այն 109-ից հասցվել է 78-ի) և պահանջում վերականգնել դրանք:
Ակադեմիայի որոշման համաձայն` այսուհետ փոփ- երաժշտության լավագույն վոկալիստներն ու վոկալիստուհիները կմրցեն մեկ, այլ ոչ առանձին անվանակարգերում: «Լավագույն ռոք կատարում» անվանակարգը փոխարինել է երկու անվանակարգերի, «ռիթմ-էնդ- բլյուզ» ժանրի անվանակարգերի թիվը 8-ից հասցվել է 4-ի և այլն:
Փաստաթուղթը ստորագրել են այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Փոլ Սայմոնն ու Կառլոս Սանտանան: Բողոքավորների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Հյուսիսային Ամերիկայի, Հավայան կղզիների բնիկ երաժիշտները, լատինամերիկյան ջազի, «ռիթմ- էնդ- բլյուզ»-ի կատարողները: Նրանք նշում են, որ ակադեմիայի որոշումն իրենց կհասցնի ոչ միայն նյութական վնաս, այլև կվնասի ԱՄՆ ազգային փոքրամասնությունների շրջանում հայտնի որոշ երաժշտական ուղղությունների հեղինակությանը:










