Հունաստանի դեֆոլթն ավելի է մոտենում. վարկատուների հետ չի ստացվում պայմանավորվել
Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հանդիպում է ունեցել միջազգային վարկատու «եռյակի»` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որը, սակայն, ավարտվել է ապարդյուն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, բանակցություններից հետո Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ «եռյակի» առաջարկած նոր վարկային համաձայնագրի կետերից մեկի` կենսաթոշակների կրճատմանը վերաբերող հարցի շուրջ:
Ի դեպ, համաձայնագիրը պետք է պատրաստ լիներ մինչ այսօր Բրյուսելում կայանալիք եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը:
Ֆինանսների նախարարը տվյալ կետի շուրջ համաձայնության գալու համար դիմել էր Հունաստանի քաղաքական կոալիցիայի օգնությանը: Վենիզիլոսն ընդգծել է, որ «առաջիկա տարիներին Հունաստանի գոյությունը» կախված է վարկատուների առաջարկած նոր ֆինանսական օգնության ծրագրից: Ինչպես նշել է նախարարը, Աթենքի համար «գոյություն չունի առավել լավ տարբերակ»:
Երեկ վարչապետ Լուկաս Պապադիմոսը 7-ժամյա հանդիպում է ունեցել երկրի երեք առաջատար կուսակցությունների առաջնորդների հետ, որի ժամանակ նրանք համաձայնության են եկել «եռյակի»` 130 մլրդ եվրոյի նոր վարկային համաձայնագրի բոլոր կետերի շուրջ, բացի կենսաթոշակների կրճատմանը վերաբերող կետից:
Առաջնորդների հետ հանդիպումից հետո էլ Պապադիմոսը հանդիպում է ունեցել միջազգային վարկատու «եռյակի» հետ: Ըստ «Ինտերֆաքս»-ի` հունական կուսակցությունների առաջնորդներն առաջիկա ժամերին ևս կշարունակեն քննարկումները:









