Բոլորն ուզում են պատգամավոր դառնալ. դա չպետք է ինքնանպատակ լինի. Կարինե Աճեմյան

12:55 • 09.02.12

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ բոլորը ցանկանում են ընդգրկվել համամասնական ցուցակներում և պատգամավոր դառնալ:

«Ցանկացողները շատ-շատ են, ես չգիտեմ ինչու ձևավորվեց մթնոլորտ, որ բոլորն անխտիր ուզում են պատգամավոր դառնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա` պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես են կուսակցությունում վերաբերվում այն վարկածներին, որ շուտով ՀՀԿ-ի համամասնական ցուցակում բավական շատ լրագրողներ և մամուլի քարտուղարներ են լինելու, որոնց մեջ կան նաև իգական սեռի ներկայացուցիչներ:

«Չեմ կարծում, որ սեռային հատկանիշը կամ որևէ պրոֆեսիոնալ կողմնորոշումը կարող է լինել պատճառ: Այսինքն՝ մենք պետք է ունենանք մի ազգային ժողով, որտեղ ավելի շատ պրոֆեսիոնալներ են, որոնք կկարողանան իրականացնել իրենց կուսակցությունների ծրագրերը»,- ասաց նա:

«Եթե պրոֆեսիոնալ է, կարող է աշխատել, դրան ոչ ոք դեմ չի կարող լինել, բայց նաև չեմ կարծում՝ ինչ-որ համքարություն՝ լրագրողական կամ կանանց, կարող է ամբողջությամբ ներգրավել»,- ասաց Կարինե Աճեմյանը` ավելացնելով, որ քաղաքականությունը բարդ ոլորտ է, որտեղ շատ են սայթաքումները:

Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ առաջիկա օրերին հնարավոր է՝ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի, Կարինե Աճեմյանը պատասխանեց` ասելով, որ կոալիցիան «ալյանս» է, որը ձևավորվում է և հստակ նպատակներ իրագործում:
«Հիմա էնպիսի շրջան է, երբ տարբեր այլանսներ, տարբեր ձևաչափեր հնարավոր են … Դրանք, իհարկե, խոսակցություններ են , և հստակ որոշում չկա, բայց կարծում եմ՝ եթե կոալիցիոն նոր հուշագրի անհրաժեշտություն լինի, անպայման կիմանաք: Մեր խորհրդի նիստում նման հարց դեռ չի քննարկվել»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա` Հայաստանում քաղաքական դաշտը թևակոխել է մի փուլ, որը այլ խոսքով, քան «նախընտրական» համարել չի կարելի:

«Իրականում բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց մարտավարությունը, ռազմավարությունը և ռեսուրսները հստակեցնելով: Դիրքորոշումները՝ կապված համամասնական, մեծամասնական ցուցակների հետ»,- ամփոփեց Կարինե Աճեմյանը, ում խոսքով ներկոալիցիոն և հենց ներկուսակցական խմորումները պայքար է, որը գնալով սրվելու է: ՀՀԿ-ն, նրա խոսքով, հանդուրժողականության մթնոլորտի կողմնակից է:

Հանրապետական պատգմավորը նաև տեղեկացրեց, որ Այսօր Բրյուսելում վերջնականապես որոշվելու է ՀՀԿ-ի՝ Եվրոպայի ժողովրդարական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու հարցը: Այս իսկ պատճառով այսօր Բրյուսելում է Հայաստանի պատվիրակությունը: Կարինե Աճեմյանը վստահ է և հույս ունի, որ անդամակցության հարցը դրական լուծում կստանա:
Հիշեցենք, որ կոալիցիոն երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» , ինչպես նաև «Ժառանգությունը» նախորդ տարվա վերջին մասնակցեցին ԵԺԿ-ի Բյուրոյի նիստին` Եվրոպայում ամենազդեցիկ կուսակցությանն անդամակցելու նպատակով:

Նշենք, որ ժամանակագրական առումով դիմումները նշված քաղաքական ուժերը տարբեր ժամանակահատվածներում էին ներկայացրել և նրանցից առաջինը ՀՀԿ-ն էր:

Ավելացնենք, նաև, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի ԲՀԿ-ի անդամակցությունը մերժվելու է: